ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սաուդյան Արաբիայի արքայազնը Խոշագջիի սպանության հարցում իմունիտետ ունի. Բայդենի վարչակազմ

Սաուդյան Արաբիայի արքայազնը Խոշագջիի սպանության հարցում իմունիտետ ունի. Բայդենի վարչակազմ

Ջո Բայդենի վարչակազմը որոշել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը ենթակա չէ դատվելու 2018թ. Washington Post-ի թղթակցի՝ Ջամալ Խոշագջիի սպանության հետ կապված, տեղեկացրել է The Hill-ը։

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, որպես օտարերկրյա պետության կառավարության ղեկավար, իրավաբանորեն պաշտպանված է դատական այդ գորընթացից։ «Իմունիտետի մասին որոշում ընդունելով՝ պետդեպարտամենտը ուշադրության չի առնում սույն հայցի բովանդակությունը եւ նորից հայտարարում է, որ անվերապահորեն դատապարտում է Ջամալ Խոշագջիի սպանությունը»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։

Խոշագջին սպանվել էր 2018թ. Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում։ Ավելի ուշ ԿՀՎ-ն եկել էր այն եզրակացության, որ արքայազն Մոհամեդն էր հրամայել սպանել ԱՄՆ-ում ապրող լրագրողին։

Խոշագջիի հարսնացուն՝ Խաթիջե Չենգիզը, ԱՄՆ-ի դատարան հայց էր ներկայացրել արքայազն Մոհամեդի դեմ 2020թ.։ Բայց Վաշինգտոնի դաշնային դատավորն անցած ամիս խնդրել էր դաշնային կառավարությանը քննել այդ գործը։

Բայդենի վարչակազմի որոշումը իմունիտետի մասին նշանակում է հրաժարում Բայդենի նախընտրական խոստումից. նա հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգին կդարձնի «վտարյալ» Խոշագջիի սպանության համար։

  • Կիսվել: