երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Կատարը վրդովված են իրենց տարածքներին Իրանի հասցրած հարվածներից

Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Կատարը վրդովված են իրենց տարածքներին Իրանի հասցրած հարվածներից

Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Կատարը հանդես են եկել առանձին հայտարարություններով, որոնցում դատապարտել են իրենց տարածքներին հասցված իրանական հարվածները։

Մասնավորապես, Սաուդյան Արաբիան «ամենախիստ կերպով» դատապարտել է ԱՄԷ-ի, Բահրեյնի, Քաթարի, Հորդանանի և Քուվեյթի վրա Իրանի հարձակումները։ Սաուդյան Արաբիան զգուշացրել է «պետական ինքնիշխանության և միջազգային իրավունքի սկզբունքների» շարունակական խախտումների հետ կապված «ծանր հետևանքների» մասին։

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին դատապարտել է իր տարածքի վրա կատարված հարձակումները, որոնք, ըստ գերատեսչության, իրականացվել են Իրանի կողմից՝ իր օդային տարածքի և միջազգային իրավունքի «կոպիտ խախտմամբ»։ Հայտարարության մեջ նշվել է, որ Քուվեյթն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այնպիսի եղանակով, որը «համաչափ կլինի այդ հարձակման մասշտաբներին ու բնույթին» և զգուշացրել է, որ հետագա ռազմական ակտիվությունը կխարխլի տարածաշրջանի կայունությունը։

Կատարի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ երկիրը իրավունք ունի հակահարված տալ Իրանի հարձակմանը, ինչը համապատասխանում է միջազգային իրավունքին։

Հայտարարության մեջ ասվում է, որ Կատարը վճռականորեն դատապարտում է բալիստիկ հրթիռներով իր տարածքի հրետակոծումը՝ համարելով դա իր ազգային ինքնիշխանության կոպիտ խախտում, սեփական անվտանգության դեմ ուղիղ ոտնձգություն և անընդունելի էսկալացիա, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Իրանի տարածքային ամբողջականության խախտման մասին վերոհիշյալ երկրները չեն հիշատակել։

Հիշեցնենք, որ Իրանը հարվածներ է հասցրել այդ երկրների տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներ են հասցվել նաև մայրաքաղաքներին։

  • Կիսվել: