հինգշաբթի, հունիս 13
13 / 6 / 2024
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն լոբբինգ են անում ԵՄ դաշնակիցներին՝ վերականգնելու հարաբերությունները Սիրիայի հետ. Bloomberg

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն լոբբինգ են անում ԵՄ դաշնակիցներին՝ վերականգնելու հարաբերությունները Սիրիայի հետ. Bloomberg

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն մի քանի եվրոպացի դաշնակիցների հետ լոբբինգ են իրականացնում Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և պատերազմից տուժած երկրի դեմ տնտեսական պատժամիջոցները մեղմելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Պարսից ծոցի երկրների ջանքերը շարունակվում են «տարբեր մակարդակներում ամիսներ շարունակ»՝ հատուկ ուշադրություն է դարձվում պատժամիջոցների չեղարկմանը: Պաշտոնյաները պնդում են, որ «պատժամիջոցները պետք է մեղմացնել, որպեսզի կարողանան օգնել վերակենդանացնելու Սիրիայի փլուզված տնտեսությունը, հակառակ դեպքում 12-ամյա հակամարտությանը վերջ տալու դիվանագիտական քայլերն անօգուտ են»,- գրում է պարբերականը:

Պարսից ծոցի պաշտոնյաները համոզված են, որ Սիրիայի տնտեսության վերականգնումը կարող է միլիոնավոր սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձի հնարավորություն տալ:

Ըստ Bloomberg-ի՝ տարիներ շարունակ աջակցելով ծայրահեղական խմբավորումներին, որոնք ձգտում էին տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, Էր Ռիադը և Աբու Դաբին վերջերս վերականգնեցին հարաբերությունները Դամասկոսի հետ՝ առաջացնելով Արևմուտքի զայրույթը:

Չնայած Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ջանքերին, հինգշաբթի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ Դամասկոսի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը «չի փոխվի»։

«Դամասկոսի վարչակարգի և մի շարք արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է ընթանում։ Մենք նաև հետևում ենք Թուրքիայի՝ սիրիական ռեժիմի հետ շփման միջոցով իր որոշ խնդիրները լուծելու փորձերին։ Սա այն ճանապարհը չէ, որով կգնա ԵՄ-ն: Մենք շուտով կտեսնենք, թե արդյոք այդ ջանքերը կհամոզե՞ն Դամասկոսի ռեժիմին երկխոսության մեջ մտնել Պարսից ծոցի և արաբական երկրների հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի տարբեր ասպեկտների շուրջ»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Վերջերս էլ ԱՄՆ պաշտոնյաներն են սկսել օրենսդրություն առաջ քաշել Սիրիայի դեմ հետագա պատժամիջոցների վերաբերյալ՝ կանխելու արաբական աշխարհի հետ Դամասկոսի հարաբերությունների կարգավորումը:

  • Կիսվել: