ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սաակաշվիլին աբխազներին առաջարկում է դաշնություն ստեղծել

Սաակաշվիլին աբխազներին առաջարկում է դաշնություն ստեղծել

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի բնակչությանը դաշնություն ստեղծել, որի մայրաքաղաքը կլինի Քութայիսին, գրում է aliq.ge-ն:

«Մոտ ապագայում՝ Ուկրաինայի հաղթանակից հետո, մենք ոչ միայն կանդամակցենք Եվրամիությանը, այլև կկարողանանք բանակցել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում ապրող քաղաքացիների հետ։ Ռուսական օկուպացիոն բանակի դուրսբերմամբ Ցխինվալիի հարցն ինքնին կլուծվի»,- ասված է Սաակաշվիլիի տարածած հայտարարության մեջ։

Ըստ Սաակաշվիլիի՝ այս նահանգում երկքաղաքացիություն է լինելու, ինչը նշանակում է, որ Աբխազիայի քաղաքացին ավտոմատ կերպով լինելու է Վրաստանի քաղաքացի, սակայն Վրաստանի քաղաքացին ինքնաբերաբար չի լինելու Աբխազիայի քաղաքացի։

Նրա խոսքով՝ սա կվերացնի աբխազների ուծացման վախը.

«Ե՛վ վրացերենը, և՛ աբխազերենը կլինեն պետության պաշտոնական լեզուներ։ Քութայիսիում խորհրդարանը լինելու է երկպալատ, և ֆեդերացիայի երկու սուբյեկտները հավասար ներկայացվածություն կունենան վերին պալատում։ Աբխազիայի նախագահը միշտ կլինի Վրաստանի փոխնախագահը։

Պետք է լինի անցումային շրջան (ասենք 3-5 տարի), որի ընթացքում կինտեգրվեն զինված ուժերը, մաքսայինն ու սահմանային ծառայությունը։ Իհարկե, ֆեդերացիայի ներսում պետք է լինի լիովին ազատ տեղաշարժ և անվտանգության ընդհանուր ռեժիմ»:

Սաակաշվիլիի խոսքով՝ վերջին տասնամյակները լավագույնս ի ցույց դրեցին՝ Աբխազիան միջազգային ճանաչման հնարավորություն չունի։

«Վրաստանի հետ միասին, մեր առաջարկած մոդելով, այն կարող է դառնալ Դաշնության լիարժեք կառույց և Եվրամիության մաս՝ զարգացման և ինքնության պաշտպանության լիարժեք երաշխիքներով»,- նշել է Սաակաշվիլին տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: