Ռուսներն ու վրացիները «կարոտել են միմյանց»․ Զախարովա
Ռուսներն ու վրացիները «կարոտել են միմյանց», իսկ երկրների միջև վիզային սահմանափակումների հանումը սպասված որոշում էր։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով վրացական պատվիրակության մասնակցությունը Երիտասարդության միջազգային փառատոնին։
«Մենք չունենք պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, բայց միևնույն ժամանակ ակտիվորեն զարգանում են առևտուրը, տնտեսությունն ու հումանիտար ոլորտը։ Վերջապես — և այս դեպքում կօգտագործեմ «ալելուիա» բառը, որովհետև դա այնքան սպասված էր — հանվեցին վիզային սահմանափակումները», — նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ սահմանափակումների չեղարկումից հետո Ռուսաստան այցելելու հնարավորությունն այժմ հասանելի է ոչ միայն վրացական առանձին պատվիրակությունների, այլև ընդհանրապես երկրի քաղաքացիների համար։
«Մենք բոլորին սպասում ենք։ Մենք իսկապես կարոտել ենք։ Սա լավագույն բառն է․ մենք կարոտել ենք միմյանց», — հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան ընդգծել է նաև երկու երկրների միջև զբոսաշրջային ուղևորությունների աճը։ Նրա փոխանցմամբ՝ ռուսաստանցիներին Վրաստանում լավ են ընդունում և որակյալ ծառայություններ մատուցում։ Նա հույս է հայտնել, որ զբոսաշրջային փոխանակումն ավելի կընդլայնվի, ինչպես նաև կավելանան հումանիտար, տնտեսական, բիզնես նպատակներով ու միջազգային միջոցառումներին մասնակցելու համար իրականացվող այցելությունները։
Դիվանագետը պատմել է, որ փառատոնի ընթացքում շփվել է վրացական պատվիրակության ներկայացուցիչների, այդ թվում՝ լրագրողների հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը խոչընդոտներ չի ստեղծել այն երկրների ներկայացուցիչների համար, որոնք եկել են խաղաղ մտադրություններով։
«Մենք երբեք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծել նրանց ճանապարհին, որոնք մեզ մոտ են եկել խաղաղությամբ», — ասել է Զախարովան։
Ռուսաստանն ու Վրաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից ի վեր։ Միևնույն ժամանակ երկրների միջև պահպանվում են առևտրային, զբոսաշրջային և հումանիտար կապերը։



