Ռուսաստանը քննարկում է Աֆղանստանում երկաթուղի կառուցելու հնարավորությունը. Օվերչուկ
Ռուսաստանն ուսումնասիրում է Աֆղանստանի կողմից առաջարկված մի շարք ներդրումային ծրագրեր։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա, մասնավորապես, նշել է. «Աֆղանստանը Եվրասիայի կենտրոնում գտնվող երկիր է։ Մենք ձգտում ենք զարգացնել համագործակցությունը նրա հետ... Ուստի դիտարկում ենք մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք նրանք առաջարկել են»:
Օվերչուկի խոսքով՝ մեծ հետաքրքրություն կա ինչպես Ուզբեկստանից, այնպես էլ Թուրքմենստանից երկաթուղիների կառուցման նկատմամբ, նշել է նա։
«Մեր համար կարևոր է, որ այդ նախագծերը ապահովեն Եվրասիայում ավելի լավ տրանսպորտային կապը և նպաստեն Մեծ եվրասիական գործընկերության տեսլականի իրականացմանը։ Մենք դա քննարկում ենք և՛ Հնդկաստանի, և՛ Իրանի, և՛ Պակիստանի, և՛ Ղազախստանի, և՛ Ուզբեկստանի, և՛ Թուրքմենստանի հետ։ Բացի այդ, մենք իսկապես հրաշալի երկաթուղային մասնագետներ ունենք և նրանք մասնակցում են նախագծային փաստաթղթերի պատրաստմանը»,-ասել է ՌԴ փոխվարչապետը:


