կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանը Կիևին F-16 կործանիչների մատակարարումը կդիտարկի որպես միջուկային ոլորտում սպառնալիք․ Լավրով

Ռուսաստանը Կիևին F-16 կործանիչների մատակարարումը կդիտարկի որպես միջուկային ոլորտում սպառնալիք․ Լավրով

 Ուկրաինայում միջուկային զենք կրելու ունակ F-16 կործանիչների հայտնվելու փաստը Ռուսաստանի կողմից կդիտվի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում։ Այս մասին Lenta.ru պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Իրադարձությունների չափազանց վտանգավոր զարգացման օրինակ է Կիևի վարչակարգին F-16 կործանիչներ փոխանցելու ԱՄՆ-ի պլանները: Մենք տեղեկացրել ենք միջուկային տերություններին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ ինքնաթիռների՝ միջուկային զենք կրելու հնարավորությունը: Ոչ մի հավաստիացում այստեղ չի օգնի: Ռազմական գործողությունների ընթացքում մեր զինվորականները չեն սկսելու պարզել, թե այս տիպի յուրաքանչյուր ինքնաթիռ արդյոք սարքավորված է միջուկային զենք մատակարարելու համար, թե ոչ: Ուկրաինայի զինված ուժերում նման համակարգերի հայտնվելու հենց փաստը մեր կողմից կդիտարկվի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում», - ընդգծել է Լավրովը։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի «սատելիտ պետությունները» ստեղծում են Ռուսաստանի հետ ուղղակի զինված բախման վտանգ, որը հղի է «աղետալի հետևանքներով»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ եվրոպական երկրներն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինային կփոխանցեն F-16 կործանիչներ այն բանից հետո, երբ ուկրաինացի օդաչուների ուսուցումն ավարտվի։

  • Կիսվել: