չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ռուսաստանը հաջորդ տարի պատրաստվում է շարունակել պատերազմը. Զելենսկին վստահեցնում է՝ Մոսկվայից ազդակներ են ստացել

Ռուսաստանը հաջորդ տարի պատրաստվում է շարունակել պատերազմը. Զելենսկին վստահեցնում է՝ Մոսկվայից ազդակներ են ստացել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայից հերթական ազդակներն են ստանում, որ Ռուսաստանը հաջորդ տարի պատրաստվում է շարունակել պատերազմը։ Նա նման հայտարարություն է արել՝ արձագանքելով Ռուսաստանի ՊՆ-ում ընդլայնված խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին:

Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, ասել է. «Այսօր Մոսկվայից հերթական ազդակներն ենք լսել, որ հաջորդ տարի նրանք պատրաստվում են պատերազմի։ Սրանք ազդանշաններ են ոչ միայն մեզ համար։ Կարևոր է, որ գործընկերները դա տեսնեն: Եվ կարևոր է, որ նրանք ոչ միայն տեսնեն, այլև արձագանքեն, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերները, որոնք հաճախ ասում են, որ Ռուսաստանը, կարծես, ցանկանում է վերջ տալ պատերազմին: Բայց Ռուսաստանից հնչում է բոլորովին այլ հռետորաբանություն, այլ ազդանշաններ»:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանի տրամադրվածությունն այդպիսին է, ապա նրանք կարող են խաթարել նաև բանակցային գործընթացը՝ քողարկելով Ուկրաինան և ուկրաինացիներին ոչնչացնելու իրենց ցանկությունը։

«Պետք է իրական պաշտպանություն, և մենք կշարունակենք աշխատել բոլոր գործընկերների հետ, որպեսզի այդպիսի պաշտպանություն իսկապես լինի։ Պետք են անվտանգային լուծումներ, պետք են ֆինանսական լուծումներ, այդ թվում ՝ ռուսական ակտիվների հետ կապված, պետք են քաղաքական լուծումներ։ Եվ անհրաժեշտ է մեր բոլոր գործընկերների համարձակությունը՝ տեսնելու ճշմարտությունը, ընդունելու ճշմարտությունը և գործելու համապատասխանաբար»,-հավելել է Զելենսկին:

  • Կիսվել: