Ռուսաստանը դադարեցրել է դեպի Իրան և Իսրայել ավիաչվերթները
Ռուսաստանի ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Իրան և Իսրայել թռիչքները, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարությանը:
«Իրանի և Իսրայելի օդային տարածքների փակման պատճառով ռուսական ավիաընկերությունները, համագործակցելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարության և Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հետ, նախապես մշակել են այլընտրանքային թռիչքային երթուղիներ՝ Պարսից ծոցի երկրներ անվտանգ չվերթներ իրականացնելու համար: Թռիչքների տևողությունը կավելանա հեռավորության ավելացման պատճառով», - հաղորդել է գործակալությունը:
Անհրաժեշտության դեպքում չվերթները կմիավորվեն և կիրականացվեն ավելի լայն ինքնաթիռներով: Ավիաընկերությունները կտեղեկացնեն ժամանակացույցի ցանկացած փոփոխության մասին:
Ընթացիկ չվացուցակով Ռուսաստանի և Իսրայելի միջև թռիչքներ են իրականացնում Red Wings և «Ազիմուտ» ավիաընկերությունները։ Red Wings-ը կվերանայի դեպի Իսրայել չվերթների ժամանակացույցը։ Փոփոխությունները կգործեն «մինչև օդանավերի թռիչքների լիակատար անվտանգության վերականգնումը», հայտնել են ընկերությունից։
«Աէրոֆլոտը» դեպի Իրան թռիչքներ է իրականացնում շաբաթը մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին. հաջորդ թռիչքը նախատեսված էր մարտի 5-ին։ Ընկերության մամուլի ծառայությունը նշել է, որ այդ չվերթի իրականացման որոշումը կախված կլինի Իրանի օդային տարածքի փակման ժամկետներից։ Փոփոխվել են դեպի Դուբայ, Աբու Դաբի, Դոհա և Մալե, ինչպես նաև հակառակ ուղղությամբ իրականացվող չվերթները, դրանք կիրականացվեն Իրանը շրջանցող ուղիներով։
«Թռիչքի տևողության ավելացումը կհանգեցնի հետադարձ չվերթների մեկնման ժամկետների տեղափոխմանը՝ միջինում 1-2 ժամով»,- հայտնել են «Աէրոֆլոտից»։ Հարկադրաբար չեղարկվել են նաև Մոսկվա/Սանկտ Պետերբուրգ և Դուբայ քաղաքների միջև որոշ չվերթներ։


