շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանը չի վերադարձնի իր ակտիվները, քանի դեռ չի վճարել ռազմատուգանքները․ Կայա Կալաս

Ռուսաստանը չի վերադարձնի իր ակտիվները, քանի դեռ չի վճարել ռազմատուգանքները․ Կայա Կալաս

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը շաբաթ օրը հայտարարել է, որ «անհնար է պատկերացնել Ուկրաինայի պատերազմի պատճառով դաշինքի շրջանակներում սառեցված ռուսական ակտիվների վերադարձը, քանի դեռ Մոսկվան չի վճարել ռազմատուգանքները», հաղորդում է Reuters-ը։

«Մենք չենք կարող պատկերացնել, որ... եթե... հրադադարի կամ խաղաղության համաձայնագիր կնքվի, այդ ակտիվները կվերադարձվեն Ռուսաստանին, եթե նրանք չվճարեն ռազմատուգանքները», - ասել է նա լրագրողներին՝ Կոպենհագենում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ։

ԵՄ-ն հայտարարում է, որ ուկրաինական պատերազմի համար Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում մոտ 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ են սառեցվել։

Ուկրաինան և ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Լեհաստանն ու Բալթյան երկրները, կոչ են արել ԵՄ-ին բռնագրավել ակտիվները և դրանք օգտագործել Կիևին աջակցելու համար։ Սակայն ԵՄ ծանրակշիռ խաղացողներ Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Բելգիան, որին է պատկանում ակտիվների մեծ մասը՝ մերժել են նման կոչերը։

Նրանք մատնանշել են, որ ԵՄ-ն այդ ակտիվների ապագա շահույթը հատկացրել է Ուկրաինային տրամադրված աջակցությունը մարելու համար և հարցականի տակ է դրել դրանց բռնագրավման իրավական հիմքերի առկայությունը։

Դիվանագետները նշում են, որ ներկայումս քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարող են այդ միջոցներն օգտագործվել Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։

  • Կիսվել: