շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանն ընդգծել է  Իրանի տարածքային ամբողջականության հարգումը. ԻԻՀ դեսպան

Ռուսաստանն ընդգծել է Իրանի տարածքային ամբողջականության հարգումը. ԻԻՀ դեսպան

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար և Արևմտյան Ասիայի և Աֆրիկայի հարցերով այս երկրի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովն ընդգծել է Իրանի՝ որպես բարեկամ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը։ Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, գրում է parstoday.ir-ը:

Արձագանքելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների և Ռուսաստանի արտգործնախարարների վերջերս կայացած համատեղ հանդիպման մասին շրջանառված լուրերին, Բոգդանովն ընդգծել է Ռուսաստանի հաստատակամ դիրքորոշումը որպես բարեկամ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ՝ հարգելով Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ռուսաստանը շեշտադրել է Իրանի տարածքային ամբողջականության հարգումը այն բանից հետո, երբ Մոսկվայում կայացած հանդիպմանը Ռուսաստանը հայտնեց իր դիրքորոշումը Պարսից ծոցում գտնվող իրանական եռյակ կղզիների պատկանելիության վերաբերյալ և իրանական իշխանություններն ու ԶԼՄ-ներն արձագանքեցին Մոսկվայի դիրքորոշմանը:

Թեհրանը բազմիցս երեք կղզիները՝ Բումուսան, Փոքր Թոնբը և Մեծ Թոնբը անվանել է Իրանի Իսլամական Հանրապետության անբաժանելի հավերժական մասը և դատապարտել այս առնչությամբ ցանկացած պնդում։ Եռյակ կղզիների պատկանելիության հարցը Իրանի և ԱՄԷ-ի միջև վիճելի թեմաներից է: ԱՄԷ-ն պնդում է, որ այս երեք կղզիները պատկանում են այս երկրին, սակայն դրանք ներկայումս գրավված են Իրանի կողմից։ Մինչդեռ Իրանը այս երեք կղզիները համարում է իր տարածքի անբաժանելի մասը և մերժում է դրա վերաբերյալ ցանկացած բանակցություն կամ միջազգային արբիտրաժ։

Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ռազմավարական երկխոսության վեցերորդ փուլի արդյունքում երկուշաբթի հուլիսի 10-ին համատեղ հայտարարություն է տարածվել,որում արաբական վեց երկրները և Ռուսաստանը աջակցություն են հայտնել երկկողմ բանակցությունների կամ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային օրենքների հիմամբ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով Բումուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիների հարցի լուծմանն ուղղված Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերին,որից հետո ԻԻՀ -ն իր պատշոնական բողոքը հայտնեց Մոսկվային: Թեհրանում ՌԴ դեսպանը կանչվեց Իրանի ԱԳ նախարարություն,որտեղ Իրանի բողոքը փոխանցվեց դեսպանին հայտարարության մեջ կղզիների վերաբերյալ նշված հարցի հետ կապված:

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին մերժելով իրանական եռյակ կղզիների կապակցությամբ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների և Ռուսաստանի համատեղ հայտարարությունը, ասել է,-«Այս կղզիները հավերժ պատկանում են Իրանին և նման հաղորդագրությունների հրապարակումը հակասում է Իրանի և նրա հարևանների բարեկամական հարաբերություններին»։

Այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ չնայած Իրանի, ինչպես նաև Չինաստանի հետ սերտ հարաբերություններին, երբ այդ երկրները դիրքորոշումներ ընդունեն Իրանի տարածքային ամբողջականության դեմ, հատկապես Պարսից ծոցի հարավային ափամերձ երկրների հետ հարաբերությունների զարգացման շրջանակներում, Թեհրանը չի վարանելու վճռականորեն արձագանքելու այս կապակցությամբ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իր գրառման մեջ ընդգծել է Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիների նկատմամբ Իրանի ինքնիշխանության իրավունքը, և Ռուսաստանի աջակցությունը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների դիրքորոշմանը «միամտության» հետևանք է համարել:

«Ռուսաստանն ընկավ նույն փոսը, որի մեջ ոչ վաղ անցյալում ընկել էր Չինաստանը:Դա նշանակում է, որ նրանք կարծում են, որ նման անհեթեթ պնդումը հաստատելով, ապագայում լավ տնտեսական հարաբերություններ կունենան ԱՄԷ-ի հետ», գրել է Ալի Աքբար Վելայաթին։

Թերևս դրա շնորհիվ է, որ Իրանի իշխանությունների և լրատվամիջոցների արձագանքներից հետո Մոսկվան Ռուսաստանի փոխարտգործնախարարի միջոցով արագորեն փորձել է շտկել իր նախկին ոչ ճիշտ դիրքորոշումը իրանական երեք կղզիների վերաբերյալ։

  • Կիսվել: