երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ռուսաստանի հետախուզական ծառայություններն ակտիվացրել են իրենց դիվերսիոն արշավը Եվրոպայում

Ռուսաստանի հետախուզական ծառայություններն ակտիվացրել են իրենց դիվերսիոն արշավը Եվրոպայում

Ռուսաստանի հետախուզական ծառայությունները վերջերս սկսել են ակտիվանալ Եվրոպայում փոքր դիվերսիոն գործողություններ իրականացնելու հարցում, ինչպիսիք են հրկիզումները կամ հրկիզման փորձերը, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին։

Թեև նման միջադեպերը պատահական են թվում, դրանք ուղղված են Ուկրաինային աջակցելու համար Եվրոպայում իբր աճող դժգոհության պատրանք ստեղծելուն և նպատակ ունեն խոչընդոտներ ստեղծել ուկրաինացի զինվորականներին զենք մատակարարելու գործում, կարծում են պարբերականի զրուցակիցները։

Որպես այդպիսի դիվերսիաների օրինակ են բերվում  Մեծ Բրիտանիայում պահեստի, Լեհաստանում ներկերի գործարանի, Լատվիայում գտնվող շենքի և Լիտվայում IKEA խանութի հրկիզումները: Եվրոպական և ամերիկյան հետախուզական ծառայությունները, գրում է NYT-ը, կարծում են, որ խոսքը համակարգված արշավի մասին է, որի հետևում կանգնած է Ռուսաստանի հետախուզության գլխավոր վարչությունը:

Նման դիվերսիաները, ըստ պարբերականի աղբյուրների, կարող են, ի թիվս այլ բաների, նպատակ ունենալ ստիպել եվրոպական երկրներին բարձրացնել սպառազինությունների մատակարարման ողջ շղթայի անվտանգությունը՝ դրանով իսկ ավելացնելով ծախսերը և դանդաղեցնել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու տեմպերը։

Դիվերսիոն հարձակումների թվի աճը, որոնց հետևում, ենթադրաբար, կանգնած են ռուսական հետախուզական ծառայությունները, գրում է NYT-ը, կքննարկվի ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի հետ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը, որը նախատեսված է հունիսին։

 

  • Կիսվել: