Ո՞ր դեպքում Ռուսաստանի ԱԳՆ-ն կերկխոսի ՆԱՏՕ-ի հետ
Ռուսաստանը բաց կլինի ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, եթե Դաշինքը հրաժարվի իր հակառուսական դիրքորոշումից։ Ակս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական գործերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե ՆԱՏՕ-ն պատրաստ լինի հրաժարվել իր հակառուսական դիրքորոշումից և երկխոսություն սկսել՝ հիմնված հարգանքի, փոխադարձ շահերի ու հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի վրա, ապա մենք բաց ենք քննարկման համար»:
Պաշտոնյայի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը «երբեք չի ցանկացել ճանաչել Ռուսաստանին՝ որպես իրավահավասար գործընկեր և դժվարությամբ է գնացել բաց զրույցների, այդ թվում՝ անվտանգության ընդհանուր սպառնալիքների վերաբերյալ»։
«2014 թվականին ՆԱՏՕ-ն պարզապես սառեցրեց մեզ հետ հաղորդակցության բոլոր ուղիները՝ հրաժարվելով «համագործակցություն ցանկացած ձևով» համաձայնեցված սկզբունքից։ Դաշինքը առաջնահերթություն տվեց հակազդեցությանը մեր երկրին՝ այն համարելով իր անդամների համար «անվտանգության առավել մեծ և ուղղակի սպառնալիք»,- ասել է Մասլեննիկովը:
Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի առճակատման կուրսը ամրագրված է, առնվազն միջնաժամկետ հեռանկարում, և չկան ապացույցներ, որ այն կարող է վերանայվել։


