չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսական նավը բողոքի ակցիայի հետևանքով լքեց Բաթումիի նավահանգիստը

Ռուսական նավը բողոքի ակցիայի հետևանքով լքեց Բաթումիի նավահանգիստը

Ռուսաստանի Սոչի քաղաքից նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը բողոքի ակցիաների և աղմուկի ուղեկցությամբ լքել է Վրաստանի Բաթումիի նավահանգիստը, գրում է aliq.ge-ն:

Բաթումիի նավահանգստի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները կատարել են Վրաստանի և Ուկրաինայի օրհներգերը։

Բաթումիի նավահանգստում հավաքվել են ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Նրանք բողոքում էին Սոչիից զբոսանավի Բաթումիի նավահանգիստ մուտքի դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Աբխազիան Վրաստան է», «Ռուսաստանը օկուպանտ է», «Հեռացե՛ք մեր երկրից»։

Բողոքի և աղմուկի պատճառ էր դարձել զբոսանավից ռուս զբոսաշրջիկների դուրս գալը և նավից ռուսական դրոշի ցուցադրությունը: Միաժամանակ, ուղևորներից մեկը վիրավորական ժեստեր է արել ցուցարարների ուղղությամբ։ Բաթումի ժամանած ռուս զբոսաշրջիկները հակավրացական և օկուպացիոն հայտարարություններ են արել: Զբոսաշրջիկներից մեկն ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությանն ասել է, որ իրենք «Աբխազիան ազատագրել են Վրաստանից»:

Բաթումիին զուգահեռ հանրահավաք է անցկացվել նաև Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց։

  • Կիսվել: