երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ռուսական ակտիվների բռնագրավումը չի լինի ԵՄ գագաթնաժողովի օրակարգում. Օրբան

Ռուսական ակտիվների բռնագրավումը չի լինի ԵՄ գագաթնաժողովի օրակարգում. Օրբան

Արևմուտքում սառեցված ռուսական ֆինանսական ակտիվների բռնագրավումը չի լինի Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը ժամանել է Բելգիայի մայրաքաղաք՝ ԵՄ առաջնորդների հանդիպմանը, տեղեկացնում է MTI-ն։

Նա, մասնավորապես, ասել է. «Հունգարիան հաղթել է ԵՄ գագաթնաժողովից առաջ կայանալիք բանակցություններում. Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ սառեցված ռուսական ակտիվների հարցը չի լինի օրակարգում»:

Օրբանը նաև բացատրել է, որ Հունգարիայի հետ մեկտեղ մի շարք այլ երկրներ դեմ են եղել ռուսական ակտիվների բռնագրավմանը, այդ իսկ պատճառով ԵՄ ղեկավարությունը ստիպված է եղել հանել այդ հարցն օրակարգից։ 

Նա հավելել է, որ գագաթնաժողովում կքննարկվի Ուկրաինային ԵՄ համատեղ վարկ տրամադրելու գաղափարը, որի համար Բրյուսելը առաջարկել էր երաշխավորել սառեցված ռուսական ակտիվները։

Օրբանի կար0իքով՝ անհասկանալի է, թե ինչպես կարող է Կիևին վարկ տրամադրվել ստեղծված իրավիճակում, քանի որ ԵՄ-ն պարզապես միջոցներ չունի դրա համար։

Հունգարիայի վարչապետը հաստատել է, որ Հունգարիան դեմ է այս նախաձեռնությանը և մտադիր չէ մասնակցել, նույնիսկ եթե այն հաստատվի Բրյուսելի հանդիպման ժամանակ։ Նա հայտարարել է, որ կանի ամեն ինչ՝ առաջարկի ընդունումը կանխելու համար:

  • Կիսվել: