Ռուանդան ու Կոնգոն միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար
Դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վտանգված է, տեղեկացնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ ԿԴՀ-ի նախագահ Ֆելիքս Չիշեսեկեդին հայտարարել է, որ Ռուանդան խախտում է խաղաղության համաձայնագրերը և հարձակումներ է իրականացնում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան շրջանի երեք քաղաքի վրա։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է, որ Ռուանդան է պատասխանատու ԿԴՀ-ի Արևելքում զինվորականների և «Մարտի 23-ի շարժում» (M23) խմբավորման միջև ռազմական գործողությունների ակտիվացման համար:
Ըստ Ուոլցի՝ Ռուանդան Կոնգոյի արևելյան շրջանում պահպանում է 5000-7000 զինվորական։ Նա խոստացել է, որ ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի «դիվերսիոն ուժերին»։
ՄԱԿ-ում Ռուանդայի մշտական ներկայացուցիչ Մարտի Նգոգան էլ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությանն է մեղադրել Հարավային Կիվու նահանգում հրադադարի խախտման համար։
Ռուանդան վստահեցնում է, որ պաշտպանում է Կոնգոյի այդ հատվածում բնակվող թութսի ազգային փոքրամասնության շահերը: Ռուանդայի ներկայիս նախագահ Կագամեն այդ ազգության ներկայացուցիչ է:
Իրենց հերթին ԿԴՀ-ի իշխանություններն էլ պնդում են, որ Ռուանդան իր վերահսկողության տակ գտնվող խմբավորումներն օգտագործում է Կոնգոյի ոսկու և հազվագյուտ մետաղների հանքերի նկատմամբ հսկողություն հաստատելու համար:


