Ռոսավիացիան արձագանքել է Ակտաուում կործանված ինքնաթիռի մասին Ղազախստանի տրանսպորտի նախարարության զեկույցին
Ռոսավիացիան արձագանքել է Ակտաուում կործանված ինքնաթիռի մասին Ղազախստանի տրանսպորտի նախարարության զեկույցին, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Մասնավորապես, նշվում է, որ Ռոսավիացիան հայտարարել է, որ ղազախական կողմը չի բացահայտել այն կողմնակի առարկաները, որոնք հայտնվել են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավում մինչև Ակտաուում կործանվելը, Ղազախստանի տրանսպորտի նախարարության զեկույցը «նախնական է և չի պարունակում որևէ եզրակացություն միջադեպի պատճառների մասին»։
«Նախնական զեկույցը հաստատում է, որ օդանավը վնաս է կրել արտաքին ազդեցության հետևանքով: Այնուամենայնիվ, զեկույցը չի արտացոլում, որ ղազախական կողմն օդանավում կողմնակի առարկաներ է հայտնաբերել, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունն առ այսօր նման հնարավորություն չի ունեցել, քանի որ այդ տարրերն իրեն չեն փոխանցվել փորձաքննության համար»,- նշել է դաշնային գործակալությունը։
Նշվում է նաև, որ զեկույցում հաստատվում է՝ անձնակազմը չի օգտվել այլընտրանքային օդանավակայաններից, որոնք առաջարկել են ռուս ավիակարգավարները։
«Զեկույցը հաստատում է ավելի վաղ հաղորդված տեղեկությունն այն մասին, որ անձնակազմն է ընտրել այլընտրանքային վայրէջքի օդանավակայանը՝ ինքնուրույն ընտրելով Ակտաուն։ Անձնակազմը չի օգտվել ռուս դիսպետչերների կողմից առաջարկված Մախաչկալայի և Միներալնիե Վոդիի այլընտրանքային օդանավակայաններից՝ չնայած օդանավն ընդունելու համար այդ օդանավակայանների տեխնիկական պատրաստվածությանը»,- նշել են գերատեսչությունում՝ հավելելով, որ թռչունների՝ ինքնաթիռին հարվածելու և թթվածնի բաքի պայթյունի մասին տեղեկությունը ստացվել է նաև անձնակազմից։
«Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն, իսկ կատարվածի վերաբերյալ եզրակացությունները կներկայացվեն վերջնական զեկույցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույց, որը պարունակում է թռիչքի պատմության, ինքնաթիռի վնասման, օդերևութաբանական, բեկորների և այլնի մասին տեղեկություններ։ Բացի այդ՝ Ադրբեջանի կառավարության աղբյուրները պնդում են, որ օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից «Պանցիր Ս» համակարգով։