հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ՌԴ ՔԿ-ն Ղրիմի կամրջի վրա միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով

ՌԴ ՔԿ-ն Ղրիմի կամրջի վրա միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով

Ղրիմի կամրջի վրա հարձակվել են երկու անօդաչու սարք, հայտնել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն: Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական գործողություն), գրում է kommersant.ru-ն:

Հետաքննությունը հարձակման համար մեղադրել է Ուկրաինայի հետախուզական ծառայություններին։

«Ժամը 03:05-ին ուկրաինական երկու անօդաչու վերգետնյա սարք գրոհել են Ղրիմի կամուրջը։ Կատարված ահաբեկչության հետևանքով վնասվել է Ղրիմի կամրջի ճանապարհային հատվածը»,- ասված է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Հետաքննության տվյալներով՝ հուլիսի 17-ի գիշերը «Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով» վնասվել է Ղրիմի կամրջի հատվածներից մեկը։ Հետաքննությունը պարզում է հարձակմանը մասնակցած «ուկրաինական հատուկ ծառայությունների և զինված կազմավորումներից» անձանց ինքնությունը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրները ՌԲԿ «Ուկրաինա»-ին հայտնել են, որ Ղրիմի կամրջի վրա գիշերային հարձակումը Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի և Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունն էր։

«Կամուրջը հարձակման է ենթարկվել անօդաչուների օգնությամբ, կամուրջին հասնելը դժվար է եղել, բայց ի վերջո դա հաջողվել է»,- ասել է աղբյուրը։

Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը մեկնաբանել է Ղրիմի կամրջի վրա միջադեպը՝ մեջբերելով հետախուզության պետ Կիրիլ Բուդանովի խոսքերը, որ «այս կառույցն ավելորդ է»։

Երկուշաբթի առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է Կերչի նեղուցով անցնող կամրջի վրա արտակարգ միջադեպի մասին։ Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Միջադեպի հետևանքով զոհվել է ամուսնական զույգ՝ Բելգորոդի շրջանի բնակիչներ։ Ակսյոնովը հորդորել է զերծ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց։

  • Կիսվել: