շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ ՆԳՆ-ն նշել է երկրները, որոնց քաղաքացիությունն ամենից հաճախ ստացել են ռուսաստանցիները. դրանց թվում է Հայաստանը

ՌԴ ՆԳՆ-ն նշել է երկրները, որոնց քաղաքացիությունն ամենից հաճախ ստացել են ռուսաստանցիները. դրանց թվում է Հայաստանը

Ռուսաստանցիները, ՆԳՆ-ի տվյալներով, ամենից հաճախ ստացել են Իսրայելի, Ուկրաինայի, Հայաստանի, Թուրքիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ պետությունների քաղաքացիություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Առավելապես ՌԴ քաղաքացիները տեղեկացրել են Իսրայելում, Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում, Գերմանիայում,  Վրաստանում, ԱՄՆ-ում, Մոլդովայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում քաղաքացիություն կամ կացության իրավունք հաստատող այլ փաստաթղթի առկայության մասին»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ընդհանուր առմամբ, ՆԳՆ տվյալներով, անցյալ տարի ստացվել է ավելի քան 50 հազար ծանուցում ռուսաստանցիների մոտ այլ քաղաքացիության կամ օտարերկրյա պետությունում կացության կարգավիճակի առկայության մասին (այլ քաղաքացիության առկայության մասին՝ 31 հազար ծանուցում, օտարերկրյա պետությունում մշտական բնակության իրավունքի փաստաթղթի առկայության մասին՝ 19 հազար ծանուցում)։ 2022 թվականին այլ փաստաթղթերի առկայության մասին ծանուցումների ընդհանուր ցուցանիշը եւ թիվը կրճատվել են համապատասխանաբար 3 հազարով եւ 4 հազարով, մինչդեռ քաղաքացիության առկայության մասին ծանուցումների թիվն աճել է հազարով։ 

Ռուսաստանի քաղաքացին, որը ստացել է օտարերկրյա պետության անձնագիր կամ կացության թույլտվություն, պետք է պարտադիր տեղեկացնի Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը: Այդ պահանջն անտեսելու դեպքում նա կարող է պատասխանատվության ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 19.8.3-րդ հոդվածով եւ վճարել տուգանք 500-1000 ռուբլու չափով։

  • Կիսվել: