ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ն քննարկում է հանքային պարարտանյութերի մատակարարման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցերը. Պանկին

ՌԴ-ն քննարկում է հանքային պարարտանյութերի մատակարարման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցերը. Պանկին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ երկիրը դիտարկում է Եվրոպա հանքային պարարտանյութերի մատակարարման, ինչպես նաև սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման հարցերը։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։

Մայիսի 16-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն առաջարկել է թուլացնել Ռուսաստանից և Բելառուսից կալիումական պարարտանյութերի արտահանման սահմանափակումները՝ Ուկրաինայից հացահատիկով նավերի փոխադրման դիմաց։ Հարցի բանակցություններին մասնակցում է նաև Թուրքիան՝ պատրաստ օգնելու նավահանգիստների ականազերծման և ծովային նավարկության ապահովման գործում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է կազմակերպության նախաձեռնությունը։ Նա մատնանշել է, որ հիմնական խնդիրը ուկրաինական նավահանգիստների և ամբողջ ջրային տարածքի ականապատումն է, ինչը նավարկությունը տարածաշրջանում դարձնում է չափազանց վտանգավոր։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ Գուտերեշը Վաշինգտոնի հետ քննարկել է ռուսական և բելառուսական պարարտանյութերը համաշխարհային շուկաներ վերադարձնելու նախաձեռնությունը՝ ուկրաինական հացահատիկի արտահանման դիմաց։

ՄԱԿ-ը մտավախություն է հայտնել, որ հացահատիկի գների աճն ու սննդի պակասը կարող են հանգեցնել հակամարտությունների ուկրաինական ցորենի մատակարարումից կախված աղքատ երկրներում: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալով՝ Ռուսաստանը ցորենի աշխարհի խոշորագույն մատակարարն է, Ուկրաինան հինգերորդ տեղում է։ Երկու երկրներն ապահովում են գարու 19, ցորենի 14 և եգիպտացորենի 4 տոկոսը:

  • Կիսվել: