չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Խարկովի կենտրոնին

ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Խարկովի կենտրոնին

Ռուսական զինուժը հունվարի 16-ի ուշ երեկոյան հրթիռային հարված է հասցրել Խարկովի կենտրոնին։ Այս մասին հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նա նշել է, որ երկու հրթիռ է արձակվել, հավանաբար, С-300 համակարգից։

«Վնասվել են քաղաքացիական բնակելի ենթակառուցվածքներ․ բժիշկներն այս պահին օգնություն են ցույց տալիս չորս տուժածի, նրանց վիճակը թեթև է։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են հարվածի վայրերի ուսումնասիրությունը»,-գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Ավելի ուշ Սինեգուբովը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով տուժել է 17 խաղաղ բնակիչ, որոնցից 16-ը՝ կանայք։ Ռուսական զինուժը ԱԹՍ-ներով հարձակվել է նաև Օդեսայի վրա։

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է․ «Քաղաքացիական բնակարանային ենթակառուցվածքներին վնաս է հասցվել։  Հրդեհներ են գրանցվել։ Զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Տվյալները ճշտվում են»։

Նա ավելի ուշ տեղեկացրել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է տուժել, 130 մարդ տարհանվել է վնասված շենքից։


  • Կիսվել: