հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ռազմական առումով Իրանը հիմա ավելի ուժեղ է, քան 12-օրյա պատերազմի ժամանակ. Փեզեշքիան

Ռազմական առումով Իրանը հիմա ավելի ուժեղ է, քան 12-օրյա պատերազմի ժամանակ. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը KHAMENEI.IR կայքի հետ հարցազրույցում ասել է․ «Մենք հիմա ռազմական առումով ավելի ուժեղ ենք, քան 12-օրյա պատերազմի ժամանակ», գրում է parstoday.ir-ը:

Նա նշել է, որ եթե սիոնիստ թշնամին և Միացյալ Նահանգները կրկին ցանկանան ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, կստանան ավելի վճռական պատասխան։
Iran Press-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով 12-օրյա պատերազմին, Իրանի նախագահն ասել է․ «Մեր սիրելի ռազմական ուժերը հզորությամբ են կատարում իրենց աշխատանքը։ Եվ չնայած բոլոր խնդիրներին, տեխնիկայի և մարդկային ուժի առումով, զինված ուժերն այսօր ավելի ուժեղ են, քան հարձակման ժամանակ։ Հետևաբար, եթե նրանք ցանկանան հարվածել, բնականաբար, ավելի վճռական պատասխան կստանան»։

Կրկին ընդգծելով ներքին միասնության անհրաժեշտությունը, դոկտոր Փեզեշքյանը հավելել է․ «Թշնամին սպասում է, որ Իրանի ներսում ինչ-որ բան տեղի ունենա՝ նոր պատերազմ սկսելու համար։ Հետևաբար, եթե մենք՝ ժողովուրդը, միասնական լինենք, նրանք չեն փորձի հարձակվել մեր երկրի վրա։ Եթե լինի միաձայնություն և սրտակցություն, ոչ մի ուժ չի կարող տապալել միասնական ժողովրդին»։

Կառավարության կայքի փոխանցմամբ՝ կրկնելով «Մենք կարող ենք դա անել» կարգախոսը, Փեզեշքյանը հավելել է. «Երկրի խնդիրները ես չեմ կարող միայնակ լուծել. ես դա բազմիցս ասել եմ, բայց մենք ողջ ուժով կհաղթահարենք այդ խնդիրները, պատժամիջոցները և ճնշումները։ Եթե մենք միասնական լինենք, դրանք չեն կարողանա մեզ տապալել»։

Նախագահն ասել է. «Ես ասում եմ, որ մենք պետք է միասնական և համաձայնության մեջ լինենք, որովհետև ես հավատում եմ դրան։ Անկախ նրանից՝ երկրի ներսում, թե մեր հարևանների հետ, եթե մենք միասնական լինենք, ԱՄՆ-ն չի կարողանա այսպես շահագործել տարածաշրջանի երկրները։ Մենք ենք, որ կարող ենք լուծել խնդիրները։ Իհարկե, գոյություն ունեցող խնդիրները այդքան հեշտ չեն լուծվի»։

Անդրադառնալով Արևմուտքի կողմից Իրանի համար ստեղծված տնտեսական, ռազմական, քաղաքական, անվտանգության և քարոզչական խնդիրներին, Իրանի նախագահը հավելել է. «Մեր երկիրն ամուր կանգնած է իր ոտքի վրա»։

  • Կիսվել: