երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քըլըչդարօղլուին սպառնում է 110 տարվա ազատազրկում

Քըլըչդարօղլուին սպառնում է 110 տարվա ազատազրկում

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սպառնում է ազատազրկում և քաղաքական գործունեության արգելում իր դեմ հարուցված 28 հայցերի պատճառով, գրում է Cumhuriyet թերթը։

Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը հայտնել է, որ իր պաշտպանյալի դեմ 28 հայց է ներկայացվել, այլ ոչ թե 18, ինչպես ավելի վաղ հայտնել էր Anadolu գործակալությունը։ 

Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Քըլըչդարօղլուն չկարողացավ մտնել նոր խորհրդարան և զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
«Նախկինում մի շարք դատական ​​գործեր կասեցվել էին Քըլըչդարօղլուի անձեռնմխելիության պատճառով, այժմ դրանք կվերանայվեն»,–գրում է թերթը։

Հայցվորը շատ դեպքերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Օրինակ՝ 2021 թվականին Էրդողանը դատական ​​հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ, ով նախագահին մեղադրել է ստելու մեջ, իսկ 2017 թվականին ընդդիմադիրը Էրդողանին համեմատել է Սադամ Հուսեյնի, Մուամար Քադաֆիի ու Չաուշեսկուի հետ։ 

Հայցերի մեծ մասի համար նախկին թեկնածուին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում, ընդհանուր առմամբ բոլոր պահանջների համար՝ 110 տարվա ազատազրկում:
«Կարելի է կանխատեսել, որ այս հայցերը կվերածվեն իրական գործերի»,- նշում է հրատարակությունը։

Ընդդիմադիրի փաստաբանը կարծում է, որ դա տեղի չի ունենա, իսկ քրեական գործեր հարուցելու դեպքում նախկին թեկնածուի թիմը մտադիր է պաշտպանել Քըլըչդարօղլուի շահերը։

«Միգուցե Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի պատժից հետո հերթը հասնի ԺՀԿ ղեկավարին, նրան կարգելեն քաղաքական գործունեություն ծավալել։ Շատ հայցեր նման պահանջ են պարունակում»,- նշում է թերթը։

 

  • Կիսվել: