ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Qantas ավիաընկերության 5,7 միլիոն հաճախորդի տվյալները հայտնվել են ինտերնետում՝ խոշոր կիբերհարձակման արդյունքում

Qantas ավիաընկերության 5,7 միլիոն հաճախորդի տվյալները հայտնվել են ինտերնետում՝ խոշոր կիբերհարձակման արդյունքում

Ավստրալիական Qantas ավիաընկերությունը կիրակի օրը հայտնել է, որ այս տարվա խոշոր կիբերհարձակման արդյունքում 5.7 միլիոն հաճախորդի գողացված տվյալները հրապարակվել են ինտերնետում, ինչը տվյալների արտահոսքի մի մասն է, որն ազդել է տասնյակ ընկերությունների վրա, փոխանցում է AFP-ն։

Հաղորդվում է, որ Disney, Google, IKEA, Toyota, McDonald’s, ինչպես նաև Air France և KLM ավիաընկերությունների տվյալները նույնպես գողացվել են  նպատակաուղղված հարձակման արդյունքում, որի թիրախը եղել է Salesforce ծրագրային ապահովման ընկերությունը։ Ներկայումս այդ տվյալները պահվում են՝ փրկագին պահանջելու նպատակով։

Salesforce-ը այս ամսվա սկզբին հայտարարել է, որ տեղյակ է «վերջին շրջանում շորթման փորձերի  մասին»։

Qantas-ը հուլիսին հաստատել էր, որ հաքերները հարձակվել են իր հաճախորդների սպասարկման կենտրոններից մեկի վրա՝ կոտրելով երրորդ կողմից օգտագործվող համակարգը, որը, ինչպես այժմ հայտնի է, եղել է հենց Salesforce-ը։

Հաքերները մուտք են ստացել գաղտնի տվյալների՝ հաճախորդների անուններ, էլ. հասցեներ, հեռախոսահամարներ և ծննդյան օրեր։ Ընկերությունը նշել է, որ կրեդիտ քարտերի և անձնագրերի համարներ համակարգում չեն պահպանվել։ Դրանից հետո այլ խախտումներ չեն արձանագրվել, և Qantas-ը համագործակցում է Ավստրալիայի անվտանգության ծառայությունների հետ։

Ընկերությունը նաև հայտնել է, որ ստացել է արգելանք Նոր Հարավային Ուելսի Գերագույն դատարանից, որտեղ գտնվում է ընկերության գլխավոր գրասենյակը, «որպեսզի կանխվի գողացված տվյալների հասանելիությունը, դիտումը, տարածումը, օգտագործումը, փոխանցումը կամ հրապարակումը՝ ցանկացած անձի, ներառյալ երրորդ կողմերի կողմից»։

Կիբերանվտանգության վերլուծաբանները հարձակումը կապում են Scattered Lapsus անունով կիբերհանցագործների դաշինքի հետ։ Unit 42 հետազոտական խումբը հայտնել է, որ այդ խումբը «վերցրել է պատասխանատվությունը Salesforce-ի հաճախորդների արգելափակման համար՝ համակարգված տվյալների գողության և փրկագնի պահանջի շրջանակում»։ Հաղորդվում է, որ հաքերները փրկագնի վճարման վերջնաժամկետ են սահմանել հոկտեմբերի 10-ը։ FalconFeeds հարթակը հայտնել է, որ անցած հանգստյան օրերին հաճախորդների տվյալները տեղադրվել են «մութ ցանցում»։ Տվյալների արտահոսք է արձանագրվել նաև Vietnam Airlines-ում, Gap հագուստ արտադրող ընկերությունում և ճապոնական Fujifilm կորպորացիայում։

  • Կիսվել: