Պուտինը պարծենում էր, որ մինչև հոկտեմբերի 15-ը կգրավի ամբողջ Դոնբասը. Զելենսկի
Պուտինն իր դաշնակիցների մոտ գաղտնի պարծենում էր, որ Ռուսաստանը մինչև հոկտեմբերի 15-ը կգրավի ամբողջ Դոնբասը, բայց այդ ժամկետն արդեն անցել է: Այս մասին Axios-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է УНИАН-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը չի կարող դա անել։ Նա [Պուտինը] բավարար թվով մարդիկ չունի։ Նրա հզոր գումարտակները ոչնչացվել են։ Այսօր, մարտադաշտում, մենք, ըստ էության, այնտեղ ենք, որտեղ եղել ենք վերջին երկու-երեք ամիսվա ընթացքում»:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կրեմլն արդեն մի քանի անգամ մերժել է պատերազմը կարգավորելու վերաբերյալ Թրամփի առաջարկները:
«Որքան ինձ հայտնի է՝ Ռուբիոյի և Լավրովի միջև զրույցը դրական չէր։ Նրանք նույնն արեցին Ալյասկայից հետո։ Արդեն երրորդ կամ չորրորդ անգամ Պուտինը և նրա շրջապատը մերժում են Թրամփի ասածը»,-նշել է Զելենսկին և հավելել, որ Ուկրաինայի գնահատականներով՝ ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ ԱՄՆ սահմանափակումները կարող են 50 տոկոսով կրճատել նավթի արտահանումը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան ԱՄՆ Կոնգրեսից հետագա պատժամիջոցներ և քայլեր է ակնկալում։


