երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Պուտինն ու Միրզիյոևը համատեղ հայտարարություն են ստորագրել

Պուտինն ու Միրզիյոևը համատեղ հայտարարություն են ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը համատեղ հայտարարություն են ստորագրել Տաշքենդում կայացած բանակցությունների արդյունքներով։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Բարձր մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել Միրզիյոևի «Կուկսարոյ» քաղաքամերձ նստավայրում։ Ղեկավարները նախ զրուցել են նեղ կազմով, այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Ընդհանուր առմամբ, ռուս-ուզբեկական բանակցությունները տևել են շուրջ երեք ժամ։

Ի թիվս այլ հարցերի, կողմերը պայմանավորվել են պետությունների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի։ Միրզիյոևը վստահեցրել է, որ Ռուսաստանն ավանդաբար մնում է Ուզբեկստանի խոշոր առևտրային գործընկերը։ Նրա խոսքով՝ տարեսկզբից երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ վերջին յոթ տարվա ընթացքում այն ավելացել է 2,5 անգամ։

Ուզբեկստանի նախագահը հավելել է, որ մոտ ապագայում Ռուսաստանում կսկսի աշխատել հանրապետության առևտրային ներկայացուցչությունը։

Միրզիյոևը նաև Մոսկվան անվանել է կարևոր ռազմավարական գործընկեր գազի, նավթի և նավթամթերքի մատակարարման հարցում։ Նա ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի աջակցության շնորհիվ անցյալ տարվանից Ուզբեկստանն սկսել է ռուսական կապույտ վառելիք ընդունել գործող խողովակաշարով` ռևերսային ռեժիմով։

«Պայմանավորվածություն կա գազի փոխադրման համակարգի արդիականացման, գազի, նավթի և նավթամթերքի մատակարարումների ծավալների ավելացման և ռուսական առաջատար ընկերությունների հետ ածխաջրածինների վերամշակման նախագծերի իրականացման շուրջ», - հավելել է Միրզիյոևը։

Պուտինը պետական այցով Ուզբեկստանում է գտնվում մայիսի 26-ից։ 

  • Կիսվել: