շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պիտի վերանայենք Ստամբուլյան կոնվենցիան․ Էրդողան

Պիտի վերանայենք Ստամբուլյան կոնվենցիան․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ժողովին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են վերանայել Ստամբուլյան կոնվենցիան, գրում է Ermenihaber.am-ը։

«Պիտի վերանայենք Ստամբուլյան կոնվենցիան: Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ այդ հարցը քննարկել են Բարձրագույն խորհրդատվական հանձնաժողովում:

Նշենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն Ստամբուլյան կոնվենցիա է անվանվում, քանի որ ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011թ. մայիսի 11-ին: Եվրախորհրդի անդամ երկրների նախաձեռնությամբ հռչակված այս կոնվենցիան առաջինը վավերացրել է Թուրքիան 2012թ. մարտի 12-ին: 2019թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից:

Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության:

2018թ. հուլիսի 27-ին Բուլղարիայի Սահմանադրական դատարանը այդ պայմանագիրը պաշտոնապես ճանաչել է որպես հակասահմանադրական:

Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։

Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան դեռևս չվավերացրած երկրների շարքում է:

  • Կիսվել: