երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետդեպի ներկայացուցիչը հայտնել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից դեսպան Ֆիլիպ Ռիքերի հեռանալու մասին

Պետդեպի ներկայացուցիչը հայտնել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից դեսպան Ֆիլիպ Ռիքերի հեռանալու մասին

Հայտարարում ենք հունվարի 5-ից Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից դեսպան Ֆիլիպ Ռիքերի հեռանալու մասին։ Ավելի քան 30 տարի դեսպան Ռիքերը նվիրումով ծառայել է ԱՄՆ Պետդեպարտամենտին և ժողովրդին, այդ թվում՝ որպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական և Լոնդոնում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Նա խոսել է Հարավահյին Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում Ռիքերի ներդրած ջանքերի մասին. ՛՛Նրա ներդրումը հաստատում է, որ Միացյալ Նահանգների համար կարևոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության շուրջ բանակցություններին օգնություն ցուցաբերելը՛՛:

Բացի այդ, ըստ Փրայսի, Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խախտում Հարավային Կովկասում անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագա ապահովելու` Միացյալ Նահանգների դիրքորոշումը:

՛՛ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել երկկողմանի հիմունքներով համախոհ գործընկերների հետ (ինչպես, օրինակ, Եվրամիությունը) և միջազգային կազմակերպությունների միջոցով (ինչպես, օրինակ, ԵԱՀԿ-ն) Ադրբեջանի ու Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի շուրջ լուծումներ գտնելու համար՛՛,-վստահեցրել է նա:

Նշենք, որ դեսպան Ֆիլիպ Ռիքերին 2022 թվականի օգոստոսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի կողմից նշանակվել էր Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական։ Ռիքերը պետք է կատարեր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթները։

  • Կիսվել: