հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պետդեպարտամենտը մեկնաբանել է գազային գործարքը ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ

Պետդեպարտամենտը մեկնաբանել է գազային գործարքը ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ

ԱՄՆ պետդեպարտամենտը հասկացրել է, որ երբ խոսքը վերաբերում է էներգետիկային, Վաշինգտոնը պատրաստ է փակել աչքերը մարդու իրավունքների եւ այսպես կոչված դեմոկրատական արժեքների խախտումների առջեւ, արժեքներ, որոնց պաշտպանն է համարում իրեն։

Պատասխանելով ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ գազային գործարքի մասին հարցին, եւ թե որքանով է հուսալի Բաքուն՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը մարդու իրավունքների հետ կապված եւ նրա «կասկածելի հարաբերությունները» Ռուսաստանի հետ, պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն ասել է. «Եթե մենք այդ առիթով ինչ-որ բան ունենանք, ձեզ կտեղեկացնենք»։
 
«Ակնհայտ է, որ մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ-ի գծով մեր դաշնակիցների, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս գործընկերների հետ, ներառյալ Ադրբեջանը, էներգետիկ անվտանգության հարցում։ Մենք ցանկանում ենք տեսնել էներգիայի կայուն գլոբալ մատակարարում այս շրջանում։ Դրա ուղղությամբ սերտորեն աշխատում է ԱՄՆ-ԵՄ մեր աշխատանքային խումբը։ Դա այն է, ինչի ուղղությամբ մենք սերտորեն աշխատում ենք երկկողմ հիմքով՝ աշխարհի մի շարք երկրների հետ, ներառյալ Ադրբեջանը»,- ասել է նա։
 
Նշենք, որ մարդու իրավունքների մասին պետդեպարտամենտի վերջին զեկույցում հիշատակվել է, որ Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան մարդու իրավունքների պահպանման հետ կապված, ներառյալ անօրինական ձերբակալությունները, խոշտանգումները, կարծիքի արտահայտման եւ հավաքների ազատության սահմանափակումները։

  • Կիսվել: