երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պեսկովը խոսել է ՌԴ-ի՝ տարբեր կողմերի հետ քննարկումներ ծավալելու պատրաստակամության մասին

Պեսկովը խոսել է ՌԴ-ի՝ տարբեր կողմերի հետ քննարկումներ ծավալելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է քննարկումներ ծավալել և՛ ԱՄՆ-ի, և՛ այլ երկրների, և՛ Հռոմի Պապի հետ՝ Ուկրաինայում իրավիճակի հանգուցալուծման տարբերակների շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մակրոնը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Երկրորդին խնդրել էր զանգահարել ՌԴ և ԱՄՆ ղեկավարներին՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր նաև, որ անհրաժեշտ է ապահովել ԱՄՆ անմիջական ներգրավվածությունը ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին՝ գործընթացում առաջընթաց գրանցելու նպատակով։

«Եթե ​​այդ ամենն իսկապես համահունչ է հնարավոր լուծումներ գտնելու ջանքերին, ապա Մակրոնի առաջարկը կարելի է դրական գնահատել։ Բայց, մյուս կողմից, այդ հայտարարությունում ոչ մի խոսք չկա այն մասին, որ ինչ-որ մեկն էլ պետք է զանգահարի Զելենսկուն և զբաղվի այն օրենսդրությամբ, որով արգելվում է ցանկացած տիպի բանակցություններ ռուսական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է. «Մենք պատրաստ ենք այդ ամենը քննարկել և՛ ամերիկացիների, և՛ ֆրանսիացիների, և՛ Հռոմի Պապի հետ։ Ռուսաստանը բաց է բոլոր տեսակի շփումների համար, բայց պետք է ելնել այն հանգամանքից, որ Ուկրաինան արգելափակել է բանակցությունների շարունակականությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով օրենսդրորեն ամրագրվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու անհնարինությունը։

 

  • Կիսվել: