Պեսկովը հերքել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի գաղտնի խորհրդակցությունների մասին լուրերը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ալյասկայում հանդիպումից հետո Մոսկվա-Վաշինգտոն բանակցություններում որևէ զարգացում չի եղել, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Նշվում է, որ Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Axios-ի այն հրապարակումը, որտեղ խոսվում էր, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ն գաղտնի աշխատում են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի վրա։
«Ոչ, առայժմ չկա որևէ զարգացում, որի մասին կարելի կլիներ հաղորդել։ Անքորիջում քննարկումներ են եղել, և այնտեղ քննարկվածից բացի որևէ նոր զարգացում չկա»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Axios-ը, հղում անելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի խորհրդակցում է Ռուսաստանի հետ՝ մշակելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր պլան։


