երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Պայմանավորվել ենք Թրամփի հետ հանդիպել Նյու Յորքում․ Զելենսկի

Պայմանավորվել ենք Թրամփի հետ հանդիպել Նյու Յորքում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրա խոսքով՝ քննարկվել են բազմաթիվ հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Նյու Յորքում։

«Կարևոր զրույց էր, և հասցրինք քննարկել բազմաթիվ հարցեր։ Պայմանավորվեցինք հանդիպել Նյու Յորքում, և այդ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Դիվանագիտական դինամիկան կա»,- ասել է Զելենսկին։

Նա շնորհակալություն է հայտնել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Կիև կատարած այցի համար։ Զելենսկու խոսքով՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են էական մանրամասներ, և ամերիկացի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։

«Խաղաղության ուղին թիվ մեկ առաջնահերթությունն է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ քննարկվում են լարվածության թուլացման քայլերի և անվտանգության հիմնարար հարցերի վերաբերյալ գաղափարներ՝ ներառյալ էներգետիկ և պարենային անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց կյանքի պաշտպանությունը։

«Աշխատում ենք ամերիկյան թիմի հետ և պատրաստ ենք իսկապես լուրջ քայլերի»,- ասել է նա։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ «Լինդսի Գրեհեմի օրենքն» ստորագրելու համար՝ ընդգծելով, որ «խաղաղությունը պետք է լինի»։

  • Կիսվել: