ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փայլան․ «Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել»

Փայլան․ «Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել»

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հայ պատգամավոր Կարո Փայլանը ShantNews-ի եթերում կարևոր տեղեկություններ է հայտնել Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման տեմպերի, շրջանակաների, հայ համայնքի վրա ազդեցության և այս ընթացքում պետության քաղաքականության վերաբերյալ, հայտնում է Ermenihaber.am-ը։

Նա հայտնել է, որ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսի ամենամեծ օջախը Ստամբուլն է, որտեղ ապրում են շուրջ 30 հազար վարավածներից մոտ 20 հազարը։ Հայ համայնքում, որը հիմնականում կենտրոնացած է հենց Ստամբուլում, նույնպես կան հիվանդացության դեպքեր, և ինչպես նշել է Փայլանը, դժբախտաբար, կան նաև մահվան դեպքեր։ Նրա տեղեկացմամբ՝ համայնքի ներսում զորակցության, կարիքավորներին օգնելու աշխատանքներ են տարվում, որոնք իրականացվում են պատրիարքարանի և հայկական կազմակերպություններին միջոցով։

Հաղորդման ընթացքում մեջլիսի հայ պատգամավորն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ սկսված «Թուրքիա՛, մենք մեզ բավարար ենք» դրամահավաաքին և իշխանությունների կողմից ազգային փոքրամասնություններին ուղղված նամակ-խնդրանքին՝ մասնակցելու այդ համընդհանուր արշավին։

Փայլանը քննադատել է Էրդողանին այդ նախաձեռնության համար՝ նշելով, որ ամբողջ աշխարհում պետություններն օգնում են իրենց կարիքավոր, աղքատ քաղաքացիներին, իսկ Թուրքիան հակառակ կերպ է վարվում՝ աղքատներից է փող պահանջում։ Պատգամավորը նաև ափսոսանք է հայտնել, որ թեև հայ համայնքը բազաթիվ աղքատներ ունի, սակայն հայկական հաստատությունները 500 հազար թուրքական լիրա են փոխանցել դրահամավաքի հաշվեհամարին։ Ըստ Փայլանի՝ պետության կողմից ուղարկված նամակը որպես հրահանգ է ընկալվել ոչ միայն հայկական հաստատությունների կողմից, այլ նաև պատրիարքարանի կողմից, որը ի դեմս պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի և հոգևորական դասի 100 հազար թուրքական լիրա է հատկացրել։

 

Փայլանը նշել է, որ պատրիարքը նույնպես չի կարողացել մերժել ու այդ մերժումը հիմնավորել համայնքում աղքատների մեծ թվով։ Փայլանը նաև դատապարտել է բանտարկյալնների մի մասին ազատ արձակելու մասին օրինագիծը, որը մշակել են իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) ու «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները ։

Ըստ պոլսահայ քաղաքական գործչի՝ օրինագծով բանտերից կարող են դուրս գալ հանցագործները, իսկ լրագրողները, պատգամավորները և Էրդողանին քննադատողները շարունակելու են մնալ կալանավայրերում։ Փայլանի համոզմամբ՝ կորոնավիրուսի պայմաններում այդ մարդկանց բանտերում թողնելը հավասարազոր է նրանց մահվան դատապարտելուն։

Կորոնավիրուսի տարածման պայմաններում ներքաղաքական զարգացումների մասին խոսելիս, Փայլանը նշել է, որ վիրուսը որպես պատվրակ օգտագործվում է ընդդիմադիրներին ճնշելու և լռեցնելու համար։

«Ով Էրդողանի դեմ է խոսում, կամ գրում, Էրդողանը նրանց բանտ է ուղարկում։ Հիմա իմ հազարավոր ընկերներ բանտում են, բայց մենք նորից շարունակում ենք մեր պայքարը»,- նշել է հայ պատգամավորը՝ Թուրքիայում տիրող իրավիճակը համեմատելով մութ ձմեռվա հետ։ Նրա խոսքով՝ այժմ Թուրքիայի իշխող կուսակությունը, դաշինք է կազմելով ԱՇԿ-ի հետ, ազգայնականության ճանապարհով է ընթանում, ինչը մութ ձմեռ է հիշեցնում։ Փայլանը միաժամանակ ընդգծել, որ միշտ էլ ձմռանը գարունն է հաջորդում, և իրենք էլ պայքարում են, որ այդ գարունը հնարավորինս շուտ գա։

  • Կիսվել: