շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիան կմասնակցի Ուկրաինայի համար 800 հազար արկի գնմանը. Էմանուել Մակրոն

Ֆրանսիան կմասնակցի Ուկրաինայի համար 800 հազար արկի գնմանը. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն աջակցում է Չեխիայի՝ երրորդ երկրներից Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերք գնելու նախաձեռնությանը։ Ֆրանսիայի ղեկավարն այդ մասին հայտարարել է Պրահա կատարած այցի ժամանակ:

Փետրվարի կեսերին Մյունխենի անվտանգության համաժողովում Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտնել էր երրորդ երկրներից Ուկրաինայի զինված ուժերի համար 800 հազար հրետանային արկ գնելու հնարավորության մասին: Մոտ 15 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Բելգիան, Դանիան, Կանադան, Շվեդիան և Նիդերլանդները, համաձայնել է միջոցներ տրամադրել այդ նախաձեռնությանը։

Ֆրանսիայի նախագահը նաև մեկնաբանել է իր վերջին հայտարարությունը Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին։

«Ես կոչ եմ արել ռազմավարական բեկում մտցնել և լիովին պաշտպանում եմ այս գաղափարը: Մենք պետք է իրատեսորեն գնահատենք իրավիճակը, որ զարգանում է Եվրոպայում՝ առկա ռիսկերը և այն, ինչ պետք է պաշտպանենք»,- ասել է Մակրոնը:

Չեխիայի նախագահ Պետր Պավելն էլ ընդգծել է, որ անհրաժեշտ է դիտարկել Ուկրաինային օգնության բոլոր տարբերակները, սակայն բացառել է այնտեղ մարտական ​​զորքերի տեղակայման հնարավորությունը։

  • Կիսվել: