կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Պակիստանը վերսկսել է ռազմական գործողություններն Աֆղանստանի դեմ

Պակիստանը վերսկսել է ռազմական գործողություններն Աֆղանստանի դեմ

Պակիստանի զինված ուժերը ժամանակավոր դադարից հետո վերսկսել են Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունները: Այս մասին հայտնել են Պակիստանի Արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ անցյալ ամիս Պակիստանի և Աֆղանստանի միջև բռնկվել են վերջին տարիների ընթացքում ամենաուժեղ մարտերը, որոնք երկու կողմերին էլ մարդկային մեծ կորուստներ են պատճառել։

Քաբուլը հայտնել է, որ անցյալ շաբաթ Աֆղանստանի մայրաքաղաքում թմրամոլության դեմ վերականգնողական կենտրոնի վրա Պակիստանի իրականացրած օդային հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ, որից հետո երկրները դադարեցրել են ռազմական գործողությունները։

Ռազմական գործողությունների դադար է հայտարարվել Իդ ալ-Ֆիտր իսլամական տոնի կապակցությամբ, որի մասին, ըստ Իսլամաբադի, խնդրել են նաև Թուրքիան, Կատարը և Սաուդյան Արաբիան։

«Դադարն ավարտվել է մարտի 23-ի և 24-ի միջև ընկած կեսգիշերին»,- հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին։

Նա հայտարարել է, որ գործողությունները կշարունակվեն մինչև իրենց նպատակներին հասնելը և մինչև Աֆղանստանի թալիբների վարչակազմը չվերանայի ահաբեկչական ենթակառուցվածքներին աջակցելու վերաբերյալ «իր սխալ առաջնահերթ խնդիրը»։

Հիշեցնենք, որ Իսլամաբադը Աֆղանստանի թալիբներին մեղադրում է Պակիստանի տարածքում հարձակումներ իրականացնող իսլամիստ զինյալներին աջակցելու համար։ Քաբուլը հերքում է դա՝ հայտարարելով, որ զինյալները Պակիստանի ներքին խնդիրն են։

  • Կիսվել: