կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պաղեստինը դիմել է ՄՔԴ՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների կապակցությամբ

Պաղեստինը դիմել է ՄՔԴ՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների կապակցությամբ

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների առնչությամբ Պաղեստինը դիմել է Միջազգային քրեական դատարան։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում հայտնել է Վիեննայում Պաղեստինի դեսպան Սալահ Աբդել Շաֆին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք կարծում ենք, որ այս բոլոր հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, և հետևաբար Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի: Այդ կապակցությամբ մենք դիմումներ ենք ներկայացրել Միջազգային քրեական դատարան՛՛:

Սալահ Աբդել Շաֆիի խոսքով՝ դիմումներն ուղարկվել են մոտ երեք շաբաթ առաջ։ Նրա խոսքով՝ ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Քարիմ Ահմադ Խանն արդեն այցելել է տարածաշրջան և նշել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ՛՛իհարկե կարող էր ռազմական հանցագործություններ կատարել հոկտեմբերի 7-ին, սակայն Իսրայելը՝ նույնպես՛՛։

՛՛Մենք ասում ենք, որ ամեն ինչ պետք է հետաքննվի, և բոլոր նրանք, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել՝ լինեն պաղեստինցիներ, թե իսրայելցիներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ ազգությունից՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: