Ոստիկանությունը դատավճռից հետո ձերբակալել է Պակիստանի նախկին վարչապետին․ վերջինս բողոքի ցույցի կոչ է արել
Ոստիկանությունը ձերբակալել է Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին արևելյան Լահոր քաղաքում: Այս մասին գրելէ Al Jazeera-ն։
Դատարանը նրան երեք տարվա ազատազրկման է դատապարտել «պետական նվերներն ապօրինի կերպով վաճառելու համար»: Ձերբակալության պատճառը դատավճիռն է եղել։
70-ամյա քաղաքական գործիչը մեղադրվում է 2018-ից 2022 թվականներին իր պաշտոնը չարաշահելու, պետական նվերներ գնելու և վաճառելու համար, որոնք տրվել էին արտասահման կատարած այցերի ժամանակ, և արժեն ավելի քան 140 միլիոն պակիստանյան ռուփի (635,000 դոլար):
«Նրա անազնվությունն անկասկած հաստատվել է»,- գրել է դատավոր Հումայուն Դիլավարը վճռում:
Դատավճիռը ներառում է 100,000 ռուփի տուգանք (355 դոլար), որը չվճարելու դեպքում կարող է ավելացվել ևս 6 ամսվա ազատազրկում:
Խանի փաստաբան Ինտեզար Փանջոտան Reuters գործակալությանը հայտնել է, որ ոստիկանությունը Խանին ձերբակալել է Լահորում գտնվող իր նստավայրում: Պակիստանի լրատվամիջոցները նկարագրել են, որ ոստիկանները շրջապատել են նրա տունը դատավճռի հրապարակումից հետո:
«Մենք միջնորդություն ենք պատրաստում այս վճռի դեմ՝ բարձր դատարան դիմելու համար», - հավելել է Փանջոտան:
Իր ձերբակալությունից առաջ տեսագրված ու X սոցցանցում հրապարկաված տեսանյութում Խանը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց՝ ի նշան բողոքի:
«Ես միայն մեկ խնդրանք ունեմ ձեզ, մեկ կոչ։ Դուք չպետք է հանգիստ նստեք ձեր տներում: Պայքարը, որ ես տանում եմ, իմ անձի համար չէ, դա իմ ազգի, ձեզ համար է։ Ձեր երեխաների ապագայի համար»,- նշել է նա։
«Եթե չկանգնեք ձեր իրավունքների համար, կապրեք ստրուկների կյանքով, իսկ ստրուկները կյանք չունեն»,- հավելել է նա։