կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օդեսան ենթարկվել է անօդաչուների գրոհի. բազմահարկ շենքի մի մասը փլուզվել է, կան զոհեր

Օդեսան ենթարկվել է անօդաչուների գրոհի. բազմահարկ շենքի մի մասը փլուզվել է, կան զոհեր

Ռուսական զորքերն անօդաչուներով գրոհել են Օդեսան, քանդվել է բազմահարկ շենքի մի մասը, հայտնի է յոթ վիրավորի եւ մի քանի զոհերի մասին, տեղեկացնում է УНИАН-ը։

Նշվում է, որ Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերը հայտնել են, որ գրոհը տեղի է ունեցել գիշերը։

Ութ հարվածային անօդաչուներ ուղղվել են Սեւ ծովի ջրավազանից դեպի Օդեսայի մարզ։ Մեկ ժամվա ընթացքում ՀՕՊ ստորաբաժանումները հակադարձել են գրոհին։ Արդյունքում՝ յոթ թիրախ ոչնչացվել է, սակայն անօդաչուներից մեկը Օդեսայում հարվածել է 9 հարկանի շենքին։

«Մուտքի մի մասը՝ 18 բնակարանից բաղկացած, քանդվել է։ Արդեն հայտնի է զոհված մարդու եւ 7 տուժածի մասին, որոնց մեջ կա մի հղի կին եւ փոքր երեխա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այժմ շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։

Ինչպես հայտնել են Օդեսայի մարզի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության մամուլի ծառայությունից՝ փլատակների տակ մարդիկ են մնացել։ 07.00-ի դրությամբ փրկվել է 7 տուժած անձ, հայտնաբերվել են 2-ի մարմինները։ Տեղում աշխատում են հոգեբանները։ Որոնումներին ներգրավված են կինոլոգներ, 20 միավոր տեխնիկա եւ 91 փրկարար։

Իր հերթին Օդեսայի քաղաքապետարանը հայտնել է, որ վնասվել են ինժեներային ցանցը եւ կաթսայատունը, ջեռուցումն անջատվել է։ Օդեսայի ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ մի մուտք փլուզվել է հիմնովին։

«Հղի կինը միջին ծանրության վիճակում է, եւս երեք մարդ հոսպիտալացվել է, նրանց մեջ՝ 26-ամյա մի աղջիկ ծանր, մյուս երկուսը՝ միջին ծանրության վիճակում են։ Բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ։ Երեք մարդիկ՝ ներառյալ երեք տարեկան մի երեխա, տեղում են օգնություն ստացել»,-հայտնել է նա:

  • Կիսվել: