կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ոչ պաշտոնական անձի խոսքերն ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը չեն կարող լինել. Իրանից արձագանքել են Ալիևի մասին հայտարարությանը

Ոչ պաշտոնական անձի խոսքերն ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը չեն կարող լինել. Իրանից արձագանքել են Ալիևի մասին հայտարարությանը

Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելին Արդաբիլ նահանգում անդրադարձել է օրերս կրոնական միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևի հասցեին հնչած արտահայտություններին:

Նրա խոսքով՝ ոչ պաշտոնական անձանց հայտարարությունները չպետք է վերագրել Իրանի վարչակազմին, քանի որ, Ամելիի խոսքով, պաշտոնական ու դիվանագիտական մակարդակում նման բան չկա և չի լինելու։

Ամելին, մասնավորապես, ասել է. «Սովորական և ոչ պաշտոնական անձի կողմից հնչեցված ոչ պատշաճ խոսքերը չեն կարող Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը լինել։ Նման վերագրումը լիովին անտեղի է և խնդրահարույց»:

Նա ընդգծել է, որ Իրանի քաղաքականությունը հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Բաքուն բողոք էր հայտնել Իրանին՝ կապված «Ադրբեջանի հասցեին վիրավորական հռետորաբանության և Իսլամական Հանրապետությունում բնակչության շրջանում հակաադրբեջանական տրամադրությունների հրահրման հետ»:

 

  • Կիսվել: