Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է դադարեցնել ռազմական գործողությունները
ՀԱՊԿ անդամ Ղազախստանի հիմնադիր նախագահ, անվտանգության խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև այդ երկրի հայկական և ադրբեջանական համայնքները խնդրում են Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը։
«Ելբասին պաշտպանել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ղազախստանի հայկական և ադրբեջանական համայնքների համատեղ կոչը», - ասված է հաղորդագրության մեջ:
«Նուրսուլթան Նազարբաևը մտահոգություն է հայտնել հակամարտության սրման կապակցությամբ՝ կարևորելով Ղազախստանի համար բարեկամ երկու պետությունների միջև բանակցությունների մեկնարկը, ինչը կծառայի տարածաշրջանում իրավիճակի շուտափույթ կայունացմանը», - ասված է Նազարբաևի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: