հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նոր մանրամասներ Պրահայի համալսարանում 14 մարդու կյանք խլած հրաձգությունից

Նոր մանրամասներ Պրահայի համալսարանում 14 մարդու կյանք խլած հրաձգությունից

Պրահայի համալսարանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 14-ի, 24 մարդ վիրավորվել է։ 24-ամյա հրաձիգը համալսարանի ուսանողներից էր։ Նա նույնպես մահացած է։Սպանված են գտել նաև չարագործի հորը։ Սա համարվում է Չեխիայում տեղի ունեցած ամենասարսափելի զանգվածային հրաձգությունը։Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Չեխիայի կառավարությունը դեկտեմբերի 23-ին սգո օր է հայտարարել՝ իր հիշատակ հրաձգության զոհերի։

Պրահայի ոստիկանապետ Մարտին Վոնդրասեկը հայտնել է, որ օրվա սկզբին հաղորդում է ստացվել այն մասին, որ տղամարդն, ամենայն հավանականությամբ, Կլադնոյի շրջանում գտնվող իր քաղաքից մեկնում է Պրահա՝ սեփական կյանքին վերջ դնելու մտադրությամբ։ Այս հաղորդումը ստանալուց հետո հրաձիգի հորը գտել են մահացած վիճակում։

Ոստիկանությունը տարհանել է բոլորին Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքից, ուր հրաձիգը պետք է դասախոսության գնար, սակայն այնուհետև ոստիկաններին կանչել են այլ մասնաշենք․ նրանք հասել են հրաձգությունից րոպեներ անց։

Վոնդրասեկը հավելել է, որ հրաձիգն, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել, սակայն դիտարկվում է նաև այն վարկածը, որ նա սպանվել է ոստիկանի կրակոցից։

«Դա կանխամտածված սարսափելի հարձակում էր, որը սկսվել էր Կլադնոյի շրջանում և, ցավոք, ավարտվել այստեղ», - ասել է Պրահայի ոստիկանապետը։

Հրաձիգը նաև կասկածվում է անցյալ շաբաթ մի տղամարդու և նրա երկու ամսական աղջկա սպանության մեջ․ նրանց մահացած գտել էին Պրահայից ոչ հեռու գտնվող գյուղի անտառում՝ հրազենային վնասվածքներով։

Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձիգը բարձր առաջադիմությամբ ուսանող էր, նախկինում հանցանք չէր գործել։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան չեղարկել է իր ուղևորությունը երկրի արևելք և մեկնել Պրահա։

Հրաձգության դեպքերը Չեխիայում բավական հազվադեպ են։ 2019 թվականին 42-ամյա մի տղամարդ Օստրավա քաղաքի հիվանդանոցի ընդունարանում սպանել էր 6 մարդու, այնուհետև՝ ինքնասպան եղել։ 2015 թվականին Ուհերսկի-Բրոդ քաղաքում մի տղամարդ սպանել էր 8 հոգու, այնուհետև՝ ինքնասպան եղել։

  • Կիսվել: