շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նեթանյահուն պարտավոր է թողնել պաշտոնը. իսրայելական ընդդիմության ղեկավար

Նեթանյահուն պարտավոր է թողնել պաշտոնը. իսրայելական ընդդիմության ղեկավար

Իսրայելում «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Բենի Գանցն ասել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պարտավոր է թողնել պաշտոնը և ուշադրությունը կենտրոնացնել իր դեմ առաջադրված մեղադրանքների վրա, այս մասին ասված է Գանցի շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի կառավարության իրավաբանական խորհրդական Ավիխայ Մանդելբլիտը հայտնել է, որ որոշել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին կաշառք վերցնելու մեղադրանք առաջադրել՝ այսպես կոչված «4000-ի գործով», ինչպես նաև խարդախության ու հասարակական վստահությունը չարաշահելու մեղադրանքներ՝ 2000-ի և 1000-ի գործերով: Նեթանյահուն ի պատասխան հայտարարել է, որ այդ մեղադրանքներն իրեն պաշտոնանկ անելու միտում ունեն:

Գանցն ասել է. «Ես լիովին վստահում եմ մեր իրավապահ մարմիններին՝ իրավաբանական խորհրդական Ավիխայ Մանդելբլիտի գլխավորությամբ: Ես վստահ եմ, որ նրանք իրենց աշխատանքը կատարում են ազնվորեն ու պրոֆեսիոնալ կերպով: Իսրայելում չկա հեղաշրջում, ավելի ճիշտ՝ կան անձինք, որոնք բարիկադավորվել են իշխանության մեջ»:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նաթանյահուն իր ելույթով ցույց է տվել, որ պետք է թողնի պաշտոնը և ուշադրությունը կենտրոնացնի իր դեմ առաջադրված մեղադրանքների վրա: Նա հիանալի հասկանում է, որ անվտանգության, տնտեսության և սոցիալական ոլորտներում Իսրայել պետության առջև ծառացած լուրջ ու բարդ խնդիրները վարչապետից պահանջում են իր ամբողջ ժամանակը, եռանդն ու ուշադրությունը ներդնելու հնարավորություն»:

  • Կիսվել: