ՆԱՏՕ-ն Պեկինին հակառակորդ չի համարում. Ստոլտենբերգ
Այս պահին ՆԱՏՕ-ն իր միջուկային դոկտրինի վերանայման անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ այժմ դաշինքին անմիջական սպառնալիք չկա: Այս մասին ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրների՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի հետ տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման, տեխնոլոգիական զարգացման և կիբեռհարձակումներին հակազդելու ոլորտներում՝ հաշվի առնելով Չինաստանից բխող վտանգները:
«ՆԱՏՕ-ն Պեկինին հակառակորդ չի համարում, սակայն Չինաստանը մարտահրավեր է նետում մեր սկզբունքներին, շահերին և անվտանգությանը»,-ասել է Ստոլտենբերգը:
Նա նաև ընդգծել է, որ Չինաստանն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում՝ արտահանելով առաջադեմ տեխնոլոգիաներ ու էլեկտրոնային սարքավորումներ, ինչպես նաև արտադրում է անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ: