ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել են Ադրբեջանի բանակում իրականացվող բարեփոխումները
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Նիլսենի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ Վելիևը ներկայացրել է Ադրբեջանի բանակում իրականացվող բարեփոխումները: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ կարևորելով այդ հարաբերությունների հետագա զարգացումը:
Նիլսենն էլ իր հերթին է բարձր գնահատել Ադրբեջանի բանակի զինծառայողների ներդրումը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծրագրերում, ներառյալ՝ մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին և այլ միջոցառումների:
Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ ռազմական կրթության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողներին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ողջունելով հյուրերին՝ նա նշել է, որ ուրախ է նրանց տեսնել Ադրբեջանում։ Հաջիևը ելույթ է ունեցել «Ադրբեջանի արտաքին քաղաքականություն, տարածաշրջանային անվտանգություն և նոր մարտահրավերներ» թեմաներով։