ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում շուրջ 550 շվեդ զինվորական ժամանել է Լատվիա
Շաբաթ օրը հարյուրավոր շվեդ զինվորականներ ժամանել են Լատվիա՝ միանալու ՆԱՏՕ-ի արևելյան թևում Կանադայի գլխավորած բազմազգ բրիգադին: Դա առաքելություն է, որը Շվեդիան անվանում է մինչ օրս իր ամենակարևոր գործողությունը՝ որպես արևմտյան պաշտպանական դաշինքի անդամ, տեղեկացնում է Associated Press-ը:
Շվեդիայի ռազմաօդային ուժերի և Շվեդիայի ու Լատվիայի ռազմածովային ուժերի ստորաբաժանումների ուղեկցությամբ նավը, որի վրա գտնվում էին մոտոհրաձգային գումարտակի ստորաբաժանումները, վաղ առավոտյան ժամանել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի նավահանգիստ։
Շվեդիայի զինված ուժերը նշել են, որ 550 հոգանոց առաքելությունը կնպաստի դաշինքի զսպման և պաշտպանական ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովմանը:
ԶՈւ-ից հավելել են, որ դա «Շվեդիայի ամենամեծ պարտավորությունն է ՆԱՏՕ-ին միանալուց ի վեր»:
Շվեդական զորքերը միանում են դաշինքի արևելյան թևում գտնվող ՆԱՏՕ-ի ութ բրիգադներից մեկին: Գումարտակը տեղակայված է Ադազի քաղաքից դուրս՝ Ռիգայի մոտ։
Նշենք, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին պաշտոնապես միացել է մարտին՝ որպես անդրատլանտյան ռազմական դաշինքի 32-րդ անդամ: