ՆԱՏՕ-ԵՄ համագործակցությունը վճռական նշանակություն ունի․ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մերժել է Հյուսիսատլանտյան դաշինքի ու Եվրամիության պաշտպանական կառույցների միջև հնարավոր կրկնօրինակման վերաբերյալ մտահոգությունները, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է. «Կրկնօրինակում չկա»:
Նա հավելել է, որ դաշինքը լավ է լուծում «դժվար ռազմական հարցերը», մինչդեռ Եվրամիությունը կարողանում է ապահովել «միջոցների հասանելիությունը» և «համահունչությունը ԵՄ երկրների միջև»:
Ռյուտեի խոսքով՝ այս համադրությունը «վճռական նշանակություն ունի» հաջող համագործակցության համար: Նա նշել է, որ ամերիկյան զենքի հետագա մատակարարումներն Ուկրաինային կֆինանսավորվեն նրա եվրոպացի դաշնակիցների կողմից։
Ռյուտեն Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ օգոստոսին մեկնարկած PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) նախաձեռնության շրջանակում Գերմանիան արդեն հատկացրել է երկու միլիարդ եվրո
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ այժմ կան հիմքեր՝ ենթադրելու, որ շատ այլ երկրներ կմիանան նախաձեռնությանը՝ նշելով, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգերով ապահովելու ուղղությամբ: Գլխավոր քարտուղարը հրաժարվել է մանրամասն մեկնաբանել ամերիկյան հեռահար Tomahawk թևավոր հրթիռների՝ Ուկրաինային հնարավոր մատակարարման վերաբերյալ քննարկումը։ «Սա երկկողմանի հարց է»,- ասել է նա՝ հավելելով, որ «այսօր այն օրակարգում չէ»։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, որը նույնպես ներկա էր Բրյուսելում կայացած հանդիպմանը, կիսել է այս միտքը։ «Մենք ակնկալում ենք, որ ավելի շատ երկրներ կտրամադրեն ավելի շատ օգնություն և կգնեն ավելի շատ սարքավորումներ՝ Ուկրաինային այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում օգնելու համար»,- նշել է Պենտագոնի ղեկավարը։
ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդելու է Ուկրաինայի հարցով, այսպես կոչված, կոնտակտային խմբի հանդիպումը, որը կգլխավորեն Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ Հոկտեմբերի 15-ի երեկոյան ԵՄ պաշտպանության նախարարները կհավաքվեն աշխատանքային ընթրիքի։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը նախօրեին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը հոկտեմբերի 15-ին կարևոր հայտարարություն կանի Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ։
Նա նաև կոչ է արել Հարավային Եվրոպայի պետություններին ավելի ակտիվորեն մասնակցել Կիևին աջակցելուն, մասնավորապես, PURL ծրագրի միջոցով։ «Նախագահ Թրամփն Ուկրաինային տրամադրել է աշխարհի լավագույն զենքերը. նրանք դրա կարիքն ունեն։ Այս ծրագիրը կենսական նշանակություն ունի Ռուսաստանին բանակցային սեղանի շուրջ բերելու համար»,- ընդգծել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։


