երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Նախօրեին դատարանի որոշմամբ ազատ արձակված թուրք իրավապաշտպան Օսման Քավալան կրկին ձերբակալվել է

Նախօրեին դատարանի որոշմամբ ազատ արձակված թուրք իրավապաշտպան Օսման Քավալան կրկին ձերբակալվել է

2020թ․ փետրվարի 18-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ ազատ արձակված թուրք հասարակական գործիչ, ակտիվիստ, հայամետ հայացքներով հայտնի Օսման Քավալան կրկին ձերբակալվել է։ Այս մասին գրում է regionmonitor.com-ը։

«Անադոլու Քյուլթուր» հիմնադրամի ղեկավարը կալանավորվել էր 2013-ին Թուրքիայում տեղի ունեցած հայտնի Գեզի զբոսայգու դեպքերի գործով և մեղադրվում էր «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը տապալելու փորձի մեջ»:  Գեզիի գործով բոլոր մյուս 16 մեղադրյալները ևս նախօրին կայացված վճռով արդարացվել էին։

Սակայն Քավալայի  ազատ արձակման որոշումից ընդամենը ժամեր անց Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը կրկին ձերբակալման որոշում է կայացրել։ Այս անգամ  հայտնի գործիչ ձերբակալվել է 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի վերաբերյալ ընթացքող հետաքննության շրջանակներում՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի, այն է՝ «Սահմանադրական կարգը խաթարելու փորձի» մեղադրանքով։ Արդարացման որոշումից հետո Սիլիվրիի բանտից ազատ արձակված Քավալան ոստիկանների կողմից կրկին բերման է ենթարկվել։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ում իր դժգոհությունն է արտահայտել Օսման Քավալայի ձերբակալման առթիվ՝ այդ որոշումը անամոթություն որակելով։

Քավալայի ձերբակալման դեմ իր բողոքն է արտահայտել նաև Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը։ «Չեմ կարողանում հավատալ, որ Քավալան արդարացման որոշումից հետո կրկին ձերբակալվել է։ Եթե դատախազը կասեցնում է առաջընթացի քայլը, ապա անհնար է հավատալ, որ Թուրքիան կզարգանա։ Խավար ժամանակները հետ են գալիս», - գրել է Սանչեսը Twitter-ում։

Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից մեկն է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է և շատ անգամներ է եղել Հայաստանում։ Ստամբուլում Քավալային պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։

  • Կիսվել: