շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել

ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել

Ս.թ. ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում (Paulskirche) տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրանկֆուրտ քաղաքի գանձապահ դր․ Բաստիան Բերգերհոֆը, Հեսսեն երկրամասի Լանդթագի փոխնախագահ Անգելա Դորնը, ինչպես նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Հովնաթան Շպանգենբերգը։

Հիշատակի արարողությանը ելույթ ունեցավ նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում կարևորեց 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, որում Բունդեսթագն ընդունել է Գերմանիայի հատուկ պատմական պատասխանատվությունը։ Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները և անվտանգության ռիսկերը՝ դեսպանն ընդգծեց, որ այժմ ճիշտ ժամանակն է այս պատասխանատվությունը կյանքի կոչելու համար։

Հաագայի Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթով։

Արարողության ավարտին Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի գլխավորությամբ հնչեցվեց բարեխոսական աղոթք:

Երաժշտական կատարումներով հանդես եկավ ջութակահարուհի Անի Աղաբեկյանը և թավջութակահար Հայկ Սուքիասյանը։ Կորինա Կուլենկամպը ընթերցեց իր «Aprikosenzeit, dunkel» վեպից մի հատված։

Այս օրերին Գերմանիայի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Բեռլին, Քյոլն, Համբուրգ, Մյունխեն, Լայպցիգ, Հալլե և այլ քաղաքներում տեղի հայ համայնքների նախաձեռնությամբ անց են կացվում Հայոց ցեղասպանության հիշատակի տասնյակ միջոցառումներ։ Գերմանական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են թեմային հոդվածների և ֆիլմերի ցուցադրությամբ։

  • Կիսվել: