Մոսկվայում ձեռնարկվել են ուժեղացված անվտանգային միջոցառումներ
Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել: Հայտնում է ՌԴԱզգային հակաահաբեկչական կոմիտեն։
Մոսկվայում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում. «Ճանապարհներին հսկողությունն ուժեղացվել է, հնարավոր է զանգվածային միջոցառումների սահմանափակում: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ», - սոցցանցերում գրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ռոստովի նահանգապետը հորդորել է բնակիչներին առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգալ. ըստ հաղորդումների՝ այսօր վաղ առավոտյան «Վագների» վարձկանները մտել են Ուկրաինայից քիչ հեռու գտնվող Դոնի Ռոստով քաղաք: Տելեգրամյան ալիքներում տեսանյութեր են շրջանառվում, որտեղ երևում է`ինչպես են մի խումբ զինվորականներ շրջապատել քաղաքի վարչական շենքերը, փողոցներում զրահամեքենաներ են կանգնած: Արևմտյան լրատվամիջոցներին առայժմ չի հաջողվել հաստատել այս տեսանյութերի իսկությունը, տեղից ստացվող տեղեկությունները սուղ են: Առայժմ հայտնի է միայն, որ նահանգապետ Վասիլի Գոլուբևը հրապարակավ դիմել է բնակիչներին. - «Ստեղծված իրավիճակի հետ կապված`խնդրում եմ խուսափել քաղաքի կենտրոն ուղևորվելուց, և եթե հնարավոր է`դուրս չգալ տներից»:
Գործակալության տվյալներով՝ տագնապով ուժեղացված ծառայության են անցել Հատուկ նշանակության ոստիկանական զորքերը (ОМОН) և Ազգային գվարդիայի հատուկ նշանակության զորքերը (СОБР): Քաղաքի բնակիչները հաղորդում են փողոցներում զրահամեքենաների տեղաշարժի մասին։ Բացի այդ, զրահամեքենաներ են նկատվել նաև Դոնի Ռոստովում քաղաքում, մի քանի կենտրոնական փողոցներ փակվել են:
Հունիսի 23-ին ՄՌԿ Վագների տելեգրամ ալիքում հայտարարություններ են տարածվել, որ ՄՌԿ-ի վրա օդային հարձակում է տեղի ունեցել և դրանում մեղադրել է ՌԴ ռազմական ղեկավարությանը, խոստացել «վերականգնելու արդարությունը»։ ՌԴ ՊՆ-ն հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել ՄՌԿ Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ ՝ զինված խռովության կոչ անելու մեղադրանքով։
«Հատուկ ծառայությունները, ուժային կառույցները շուրջօրյա ռեժիմով տեղեկացնում են նախագահ Պուտինին ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման մասին», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մի խումբ ռուս գեներալներ «Վագների» վարձկաններին ուղղված տեսաուղերձներ են տարածել` հորդորելով զենքերը վայր դնել: «Ռազմական հրամաններ կարող է արձակել միայն Գերագույն գլխավոր հրամանատարը, որին Պրիգոժինը որոշել է հարվածել թիկունքից», - հայտարարել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը`կատարվողը որակելով որպես պետական հեղաշրջում:
Սպիտակ տունը հայտարարել է, թե «նախագահ Բայդենը տեղեկացվել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:
«Մենք հետևում ենք իրադարձություններին և խորհրդակցություն կանցկացնենք դաշնակիցների հետ», - ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը: