ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայի ու Անկարայի տարաձայնությունները՝ ԼՂ հարցում

Մոսկվայի ու Անկարայի տարաձայնությունները՝ ԼՂ հարցում

ԼՂ հակամարտության շուրջ զարգացումներին ակտիվորեն մասնակցում են տարածաշրջանային տերությունները: Թուրքիան բաց աջակցում է Բաքվին, իսկ Մոսկվան ձգտռում է, պահպանելով չեզոքությունը, կողմերին ստիպել դադարեցնել կրակը, «Ամերիկայի ձայնը»։

Հոկտեմբերի 14-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ու Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցը: Սա Պուտինի ու Էրդողանի առաջին երկխոսություն է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկումից ի վեր: Կողմերը մանրամասն քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը։ Կրեմլի հաղորդման համաձայն ՌԴ նախագահ Պուտինը իր թուրք գործընկերոջը հայտնել է իր լուրջ մտահոգությունը ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավման վերաբերյալ:

Երկրի ղեկավարները կարևորել են հոկտեմբերի 10-ին մարդասիրական հրադադար հաստատելու մասին՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը և հանդես եկել հակամարտության քաղաքական կարգավորումն ակտիվացնելու օգտին՝ Մինսկի խմբի առաջարկների հիման վրա, տեղեկացնում է Կրեմլի մամլո հաղոդագրությունը:

Թուրքական կողմի նման դրսևրումը, սակայն, հակասում է նախօրեին վերջին շրջանում Անկարայի հնչեցվող հայտարարություններին, ըստ որի՝ Թուրքիան քննադատում էր Մինսկի խմբի ձևաչափը և դրա ներքո բանակցությունների հետագա անցկացումը՝ առաջարկելով բանակցային նոր ձևաչափերի ձևավորում իր մասնակցությամբ:

American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով այսօր Անկարան փորձում է մարտահրավեր նետել Մոսկվային Հարավային Կովկասում:

՛՛Ակնհայտ է, որ դա ազդարարում է, որ այն ջերմ հարաբերությունները , որ ունեին նախագահներ Պուտինն ու Էրդողանը սկսել են վատթարանալ: Դեռևս պարզ չէ, թե արդյոք հակազդումը կլինի Հարավային Կովկասում կամ ընդհանրապես Կովկասում: Դա կարող է լինել Սիրիայում կամ Լիբիայում, որտեղ ռուսներն ու թուրքերը հակադիր կողմերում են՛՛,- նշում է Ռուբինը:

Ղարաբաղյան հակամարտութայն հարցում Մոսկվային ու Անկարայի միջև անհամաձայնությունների մասին հայտնել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մատնանշել է Մոսկվայի բացասական վերաբերմունքը հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհին, որի օգտին են խոսում Անկարան և Բաքուն: ՛՛Մենք համաձայն չենք Թուրքիայի կողմից հնչեցրած դիրքորոշման հետ, որը մի քանի անգամ հայտնել է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Մենք չենք կարող կիսել այն պնդումները, որ գոյություն ունի և ընդունելի է հակամարտության ռազմական լուծում՛՛,- հայտնել է Լավրովը:

Վերլուծաբան Լորենս Բրոերսն ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումները տեղի են ունենում ընդհանուր աշխարհում ժողովրդավարական և ազատական համակարգերի անկման ֆոնին: Միաբևեռ համակարգի վերացումը, ըստ նրա, հանգեցնում է տարածաշրջանային տերությունների կողմից ավելի ակտիվ ու հավակնոտ քաղաքականության: Բրոերսի կարծիքով այսօր Թուրքիան վարձահատույց է լինում Հարավային Կովկասում Ռուսաստանից մերձավորարևելյան ներգրավվածության համար: Ըստ նրա՝ ՌԴ-ը կաշկանդված է մի կողմից Մինսկի խմբի նկատմամբ ունեցած իր պարտավորություններով, մյուս կողմից այն բազմակողմ միջնորդական ջանքերով, ուր, ըստ նրա, նա ունի ոչ ֆորմալ առաջնորդի դերակատարում:

՛՛Այդ պարագայում Մոսկվան պետք է համագործակցի եվրոատլանտյան այլ դերակատարների հետ, որոնց հետ նա բախվում է մի շարք այլ հարցերի շուրջ: Այլընտրանքը Թուրքիայի հետ որոշակի համաձայնության գալն է, ինչպես դա արվել է ՌԴ-ի կողմից Մերձավոր Արևելքում: Կան շատ ենթադրություններ, որ հենց դա է ցանկանում Թուրքիան այս համատեքստում՛՛,-ասում Բրոերսը:

Չնայած Մոսկվայի ու Արևմուտքի միջև բարդ հարաբերությունների, վերլուծաբան Մայքլ Ռուբինը շեշտում է, որ ղարաբաղյան հարցում Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքերը համընկնում են, հատկապես վերջին զարգացումների համատեքստում, երբ թե Մոսկվան և թե Վաշինգտոնը իրենց մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտությունում սիրիացի զինյալների ներգրավման հարցի շուրջ:

''ԱՄՆ և ՌԴ խորապես մտահոգված են Թուրքիայի կողմից այստեղ սիրիացի զինյալների ներգրավման առումով: Պետք չէ դրանց ուղակի զինյալներ կոչել: Հաճախ ականատես ենք դառնում, որ Թուրքիան օգտագործում է սիրիացի ջիհադիստներին, որոնց մի մասը կապված է այն խմբավորումների հետ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, առնչվում են Ալ Քայիդայի կամ անգամ Իսլամական պետության հետ: Սա չափազանց մտահոգիչ է, որի շուրջ մտահոգությունը կիսում են թե Մոսկվան և թե Վաշինգտռոնը՛՛,- ասել է Ռուբինը:

Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ զրույցում արձանագրել է Թուրքիայի ներգավվածության փաստը Ադրբեջանի կողքին՝ հորդորելով երրորդ ուժերին զերծ մնալ հակամարտությանը ներգրավվելուց, որն, ըստ պետքարտուղարի, կշարունակի խնդիրներ ստեղծել տարածաշրջանում:

  • Կիսվել: